Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դիմորդները ստիպված իրենց չնախընտրած մասնագիտությամբ են սովորելու, որ հետո այդ ոլորտում չաշխատեն

Blog Image

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է Հայաստանի բուհերի 2026 թվականի ընդունելության հիմնական փուլի արդյունքները, որոնցով կարելի է դատել Հայաստանում ապրող կամ ուսման համար Հայաստան եկող շրջանավարտների նախասիրությունները մասնագիտական կրթության ոլորտում։

Ըստ այդ արդյունքների՝ այսօր էլ ամենապահանջված բուհերը շարունակում են մնալ Երևանի պետական համալսարանը, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Դատելով թափուր տեղերի քանակից՝ երիտասարդներն ավելի քիչ են հետաքրքրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջարկած մասնագիտություններով։

MediaHub-ն ուսումնասիրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված բուհերի և դրանց ֆակուլտետների թափուր մնացած տեղերը և պարզել, թե բուհերի ո՞ր ֆակուլտետներն են, որ առանձնապես հետաքրքրություն չեն առաջացրել շրջանավարտների շրջանում։ Երևանի պետական համալսարանում այս տարի թափուր են մնացել «Մեխանիկա» ֆակուլտետում առաջարկվող 13 վճարովի տեղերից 6-ը, «Ֆարմացիա» ֆակուլտետում առկա վճարովի 29 տեղերից 17-ը, «Սոցիալական մանկավարժություն» ֆակուլտետում վճարովի 18 տեղերից 8-ը ևս թափուր են մնացել, իսկ «Աստվածաբանություն» ֆակուլտետում առկա անվճար 5 տեղերի համար միայն 2 հայտ է ներկայացվել, այնինչ վճարովի 10 տեղերն ամբողջությամբ թափուր են մնացել։ Նաև «Պատմություն» ֆակուլտետում առկա վճարովի 18 տեղերից 10-ն են մնացել թափուր։ Նշված ֆակուլտետներում առաջարկվող սահմանափակ թվով անվճար տեղերն են միայն լրացվել։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տնտեսագիտություն» ֆակուլտետում այս տարի անվճար տեղեր չեն եղել, իսկ վճարովի 155 տեղերից 72-ը թափուր են մնացել։ «Լոգիստիկա» ֆակուլտետում լրացվել են անվճար 5 տեղերը և վճարովի 43 տեղից 30-ը։ «Քիմիական տեխնոլոգիա» մասնագիտությունն ընդհանրապես հետաքրքրություն չի առաջացրել, քանի որ այդ ֆակուլտետում առաջարկվող անվճար 10 և վճարովի 5 տեղերն էլ թափուր են մնացել։ Գրեթե նույն պատկերն է «Շրջակա միջավայրի պահպանություն» և «Ջերմաէներգետիկա» մասնագիտությունների դեպքում․ նշված ֆակուլտետներում առկա 6 անվճար և համապատասխանաբար 10 ու 9 վճարովի տեղերից միայն մեկական անվճար տեղերի համար է հայտ լրացվել։ «Ատոմային էներգետիկա» ֆակուլտետում միայն անվճար 9 և վճարովի մեկ տեղ է համալրվել, վճարովի 6 տեղ թափուր է մնացել։ «Ռադիոտեխնիկա» ֆակուլտետում առաջարկվող անվճար 20 տեղից 9-ը և վճարովի 3 տեղերը թափուր են մնացել։ «Մետալուրգիա» ֆակուլտետում անվճար 5 տեղից միայն մեկ տեղի համար է հայտ ներկայացվել, իսկ վճարովի 10 տեղերը հետաքրքրություն չեն առաջացրել։ Գրեթե նույն վիճակն է «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» ֆակուլտետում, որտեղ առկա անվճար 5 տեղից միայն 2-ն է լրացվել, վճարովի 10 տեղը թափուր է մնացել։ Թափուր են մնացել նաև «Մեքենաշինություն և նյութերի մշակում» ֆակուլտետի վճարովի 15 տեղից 11-ը, «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» ֆակուլտետի անվճար 5 տեղերից 1-ը և վճարովի 10 տեղերը, այս բաժին որևէ մեկը չի դիմել։ «Օգտակար հանածոների հարստացում» ֆակուլտետ ընդհանրապես դիմող չի եղել․ բոլոր 5 անվճար և 10 վճարովի տեղերը թափուր են մնացել։

Քիչ թե շատ վիճակը հուսադրող է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ շատ քիչ ֆակուլտետներում են մեծ թվով թափուր տեղեր մնացել՝ «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» ֆակուլտետի 22 վճարովի տեղերից 17-ը, «Տեղեկատվական համակարգեր» ֆակուլտետում վճարովի 44 տեղից 32-ը, «Տնտեսագիտություն» ֆակուլտետի 55 վճարովի տեղերից 14-ը։ Այս ֆակուլտետում անվճար տեղեր չեն եղել։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեծ թվով թափուր տեղեր են մնացել «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում՝ վճարովի 10 տեղի համար որևէ մեկը չի դիմել, «Սոցիալական մանկավարժություն» ֆակուլտետում, որտեղ վճարովի 32 տեղից 28-ում դիմող չի եղել, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում, որի վճարովի 43 տեղից 21-ն ազատ են մնացել, «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետում, որտեղ դիմել են միայն անվճար 5 և վճարովի 9 տեղերի համար (վճարովի 31 տեղ թափուր է մնացել), «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» ֆակուլտետում, որի բոլոր 3 անվճար և 15 վճարովի տեղերը թափուր են մնացել, «Պատմություն» ֆակուլտետում (42 վճարովի տեղից 25-ը թափուր է մնացել)։ Համալսարանի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» ֆակուլտետում միայն վճարովի տեղեր են առկա եղել՝ 10 տեղ, և բոլորն էլ թափուր են մնացել։ Թափուր են մնացել նաև բուհի «Կենսաբանություն-Քիմիա» ֆակուլտետի անվճար 12 տեղերից տասը և բոլոր 15 վճարովի տեղերը, ինչպես նաև «Աշխարհագրություն-Բնագիտություն» ֆակուլտետի անվճար 12 տեղերից 7-ը և բոլոր 15 վճարովի տեղերը։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում քիչ ֆակուլտետներ են, որ համեմատաբար մեծ թվով թափուր տեղեր ունեն այս տարի։ Դրանցից են «Լեզվաբանություն, անգլերեն» ֆակուլտետը, որտեղ վճարովի 76 տեղից 14-ի համար դիմող չի եղել, «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ» ֆակուլտետը, որի 157 վճարովի տեղից 40-ի համար դիմող չի եղել, ինչպես նաև «Թարգմանչական գործ՝ չինարեն և հայերեն լեզուներ» ֆակուլտետը՝ վճարովի 43 տեղից միայն 25-ի համար է դիմող եղել։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այս տարի թափուր են մնացել ընդհանուր առմամբ անվճար 87 և վճարովի 264 տեղ համալսարանի տարբեր ֆակուլտետներում։ Ամենամեծ պահանջարկ ունեցող բուհերից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միայն «Բուժական գործ զինված ուժերում» ֆակուլտետի մեկ վճարովի տեղն է թափուր մնացել։ Մնացած ֆակուլտետներում բավականին մեծ մրցույթի արդյունքում գրեթե բոլոր տեղերը՝ վճարովի և անվճար, լրացվել են։ Թափուր մնացած տեղերի առումով աչքի է ընկնում նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որտեղ մեկ վճարովի թափուր տեղ է մնացել «Լրագրություն» ֆակուլտետում և վճարովի 15 տեղ՝ «Կառավարում» ֆակուլտետում։

Նշված և մնացած թափուր տեղերը հնարավոր է կրճատվեն, քանի որ իրենց դիմած ֆակուլտետներից դուրս մնացած և դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն ունեն մասնակցել բուհերում թափուր տեղերի համար հայտարարված լրացուցիչ մրցույթին։ Իհարկե, այս դեպքում ստացվում է, որ այդ բուհեր ու ֆակուլտետներ ընդունված դիմորդներն իրենց նախընտրությամբ մասնագիտական կրթություն չեն ստանալու և հավանաբար հետագայում էլ ստացած գիտելիքներն ըստ նպատակի չեն ծառայելու։ Այնինչ թափուր մնացած մասնագիտությունների կարիքը Հայաստանում առկա է, առավել ևս, եթե դրանք ներառված են բուհական կրթական ծրագրերում, սակայն, ստացվում է, որ ապագայում համապատասխան մասնագետների լուրջ պակաս է առաջանալու երկրում։ Այդ խնդրի մասին արդեն իսկ տևական ժամանակ է բարձրաձայնում են փորձագետներն ու գործատուները՝ նշելով, որ տարեցտարի իրենց համար շատ դժվար է լինում բուհն ավարտած երիտասարդների շրջանում համապատասխան մասնագետներ գտնելը, ինչը մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհամապատասխանության մասին է վկայում։

Թագուհի Ասլանյան

Send