Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը կոչ են արել վերսկսել Եվրամիության և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունները՝ առաջարկելով այդ նպատակով նշանակել Եվրամիությունից (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ։
«Մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ուկրաինացիներն իրենք են նախաձեռնել բանակցությունները: Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է եվրոպացիները բանակցեն»,- ասել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։
Լատվիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ծառայելու այս դերում, բայց առաջարկել է, որ բանակցություններին ներկա լինեն Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Միացյալ Թագավորության առաջնորդները: Նա նաև որպես թեկնածու նշել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։
Էստոնիայի ղեկավարն ընդգծել է աշխարհաքաղաքական համատեքստի փոփոխությունն ու Եվրոպայի դերը դրանում՝ ափսոսանք հայտնելով երկխոսության բացակայության համար։
«Մենք մի փոքր ուշացել ենք: Մենք պետք է սա վաղուց սկսեինք: Մի քանի տարի առաջ մենք չխոսելու վիճակում էինք, իսկ հիմա անհանգստանում ենք, որ այնտեղ չենք»,- ասել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
Կարիսի կարծիքով՝ հատուկ դեսպանորդը պետք է լինի քաղաքական գործիչ այն երկրից, որը վայելում է Ռուսաստանի և Ուկրաինայի վստահությունը։

Русский