Երեկ ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ ՀՀ-ն ԱԶԲ–ից 150 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի 675 մլն դոլար պակասորդը նվազեցնելու համար։
Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը 3 տարին է։
MediaHub-ը տնտեսագետ Թաթուլ Մանասարյանից փորձեց հասկանալ Հայաստանի ներկա պայմաններում ինչքանո՞վ է նպատակահարմար վարկ վերցնելը, և ինչի՞ համար է այն։
Մանասարյանը որոշումը կապեց երեկվա մեկ այլ հայտարարության հետ, որով խորհրդարանի աշխատակազմի պետական ծառայողներն ստանալու են միանվագ դրամական պարգևատրում:
«Երբեք թափանցիկություն չի եղել, երբեք հաշվետվողականություն չի եղել, ավելին ասեմ՝ սահմանադրական նորմեր են խախտվել։ Պարտքը ձևավորելիս պետք է հստակ հիմնավորել, որ այդ պարտքի կարիքը կա՝ ներքին կամ արտաքին։ Մենք հիմա աֆրիկյան երկրներից ավելի ցածր վիճակում ենք, այդ երկրներում գոնե, կարող ա ասեն՝ էս ինչ պատճառով վարկ ենք վերցնում»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,411,591.6 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 620,750․8 մլն դրամով կամ 13%-ով։
Էմմա Մարտիրոսյան

Русский