ԵՄ երկրները քննարկում են ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից կանխավճար պահանջելու հնարավորությունն Ուկրաինայի հետ պայմանագրեր կնքելու համար՝ օգտագործելով ԵՄ-ի կողմից հաստատված 90 միլիարդ եվրոյի վարկի միջոցները, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։
ԵՄ երկրների կողմից մոտ 90 միլիարդ եվրո համատեղ վարկ տրամադրելու որոշումը՝ Ուկրաինայի 2026 և 2027 թվականների ֆինանսական կարիքները հոգալու համար, ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում։ Այդ ժամանակ Բելգիան արգելափակել էր սառեցված ռուսական ակտիվները այդ նպատակներով օգտագործելու որոշումը։
«Որոշ անդամ պետություններ պնդում են, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները պարտավորվեն նախապես վճար վճարել Ուկրաինայի հետ պայմանագիր կնքելու համար, եթե դա ենթադրում է վարկային միջոցների օգտագործում», - նշել է գործակալությունը։
ԵՄ մի շարք անդամ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, անարդար են համարում երրորդ երկրների համար այս միջոցներին հավասար հասանելիություն ունենալը՝ հաշվի առնելով, որ վարկը սպասարկվելու է ԵՄ անդամների կողմից։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն, ինչպես սպասվում է, վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ համաձայնության կհասնի առաջիկա օրերին։ Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը հույս ունի վարկային համաձայնագիրը վերջնականապես կնքել մարտի սկզբին և ապրիլին սկսել առաջին վճարումները։

Русский