Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

TRIPP-ի ամենակարևոր հենարանը. ի՞նչ կարող է տալ Ռուսաստանը

Blog Image

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ այսպես կոչված «Թրամփի երթուղու» նախագիծը «դատարկ տեղից» չի առաջացել՝ հիշեցնելով, որ 2022-2023 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնման տարբերակները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող էր օգտակար դեր ունենալ նախագծում, սակայն ներկայում դրա հեռանկարները մնում են ոչ միանշանակ։ Գալուզինը նաև պնդել է, որ Հայաստանը ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49 տոկոսը խոստացել է ամերիկյան կողմին, ինչպես նաև նշել, որ ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունը Հայաստանի հարավում կարող է մտահոգություններ առաջացնել Իրանի և Չինաստանի համար։

 

Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ։

 

-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, որ «Թրամփի երթուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից։ Իրո՞ք Ռուսաստանն ունի այնպիսի լծակներ, որոնք կարող են ազդել նախագծի իրականացման վրա։

- Մի բան փաստենք, որ «Թրամփի երթուղին» առ այս պահն ավելի շատ հայտարարությունների տեսքով է և թղթի վրա, իսկ գործնականում դեռևս չենք տեսնում դրա գործարկումը տեսանելի ապագայում։ Չեմ ասում, որ դա չի գործարկվի, բայց առ այս պահն այն ավելի շատ քաղաքական շահարկումների դաշտում է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը, ապա ՌԴ-ն ունի համապատասխան ներուժ, և շատ արդյունավետ կլիներ, եթե իսկապես մասնակցեր այդ նախագծին։ Սակայն այստեղ խնդիրը միայն Ռուսաստանը չէ՝ որպես պետություն։ Խնդիրը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ներգրավվածությունն է։ Եթե հնարավոր լիներ նախագծում ներգրավել տարբեր աշխարհաքաղաքական միավորների, ապա դրանից Հայաստանը միայն կշահեր, որովհետև դրանք կարող էին փոխադարձաբար բալանսավորել միմյանց, և որևէ մեկ կենտրոն ամբողջական գերիշխանություն չէր ունենա այդ ուղու նկատմամբ։

Բացի այդ, այդ ճանապարհը կարող էր տնտեսական առումով դառնալ կապող օղակ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։ Սակայն փաստ է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի ներգրավվի նախագծում. նախ՝ այն պատճառով, որ այս պահին հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա՝ բառի բացասական իմաստով, և երկրորդ՝ «Թրամփի երթուղու» ճակատագիրը մեծապես կախված է ԱՄՆ-Իրան հարաբերություններից։ Եթե պատերազմը շարունակվի, Իրանը դժվար թե թույլ տա, որ իր սահմանին գործարկվի մի ճանապարհ, որտեղ մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ն։ Իսկ եթե ձեռք բերվի հաշտություն, պետք է հասկանալ, թե ինչ պայմաններում է այն կայանալու, և արդյոք այդ դեպքում «Թրամփի երթուղին» կպահպանի այն նշանակությունը, որն ուներ մինչ պատերազմը։

 

- Եթե Ռուսաստանը դուրս մնա նախագծից, ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար։ Իսկ եթե ներգրավվի, ի՞նչ առավելություններ և սահմանափակումներ կարող է դա բերել։

- Չգիտեմ, թե քաղաքական գործընթացներն ինչպես կդասավորվեն, բայց առ այս պահը մոտենում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների այնպիսի կետի, որը կարող է արդեն անդառնալի լինել և հնարավորություն չտալ վերականգնելու նախկին դաշնակցային հարաբերությունները։

Հիշեցնեմ, որ «Թրամփի երթուղու» վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունից հետո Նիկոլ Փաշինյանը միջազգային մամուլին տված հարցազրույցում շեշտում էր, որ այդ ճանապարհից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և ԱՄՆ-ն, այլ նաև Ռուսաստանն ու Իրանը։ Սակայն դրանից շատ կարճ ժամանակ անց թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի կողմից հնչեցին մտահոգություններ, իսկ հատկապես Իրանը հանդես եկավ բավականին կոշտ գնահատականներով։

Այստեղ մեծ է նաև Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունը, քանի որ նրանք չկարողացան նախագիծը ներկայացնել այնպես, որ բոլոր կողմերը դրանում տեսնեին իրենց շահն ու հնարավորությունները։

 

- Ի՞նչ կարող էր տալ Ռուսաստանը նախագծին, ի՞նչն առանց նրա չի լինի կամ կթուլանա։

- Ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իրանը եթե ներգրավվեին այդ նախագծում, ապա այն իսկապես կարող էր դառնալ ոչ միայն «խաղաղության խաչմերուկ», ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, այլ նաև տնտեսական խոշոր հանգույց, որը կազդեր բոլոր մասնակիցների վրա։ Այդ դեպքում Հայաստանը կարող էր մեծապես օգտվել և դառնալ այն կապող օղակը, որը միավորում է ոչ միայն արևելք-արևմուտքը, այլ նաև հյուսիս-հարավը։

Իսկ եթե Ռուսաստանն ու Իրանը չեն մասնակցում, ապա այստեղ շահողը դառնում է Ադրբեջանը։ Ինչքան էլ Հայաստանում այն կոչեն «Թրամփի երթուղի», Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են այն անվանել «Զանգեզուրի միջանցք»։ Էրդողանն էլ հայտարարել է, որ դրա բացումը մեծ հնարավորություններ է ստեղծում թուրքական աշխարհի համար՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով։

 

- Գալուզինի խոսքով՝ ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49 տոկոսը խոստացվել է ամերիկյան կողմին։ Ի՞նչ է դա նշանակում գործնականում, և ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի ինքնիշխանության վրա։

- Իհարկե, դա կարող է ազդել, որովհետև մենք երբեմն ինքնիշխանություն ասելով այլ բան ենք հասկանում, և դրա վրա լավ խաղում է Նիկոլ Փաշինյանը։ Երբ խոսում ենք ինքնիշխանության կորստի մասին, մարդկանց մոտ առաջին հերթին պատկերացում է առաջանում, թե տվյալ տարածքը դուրս է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունից և միացվում մեկ այլ պետության։ Սակայն նման իրավիճակ պարտադիր չէ, որ լինի։

Տվյալ հատվածը կարող է շարունակել մնալ Հայաստանի քարտեզի վրա, սակայն եթե Հայաստանը չունենա դրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, ապա դա արդեն ինքնիշխանության սահմանափակում է, որքան էլ այդ տարածքը շարունակի համարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս։

 

- Ի վերջո, այս պահին որքանո՞վ է իրատեսական «Թրամփի երթուղու» նախագիծը, և որո՞նք են դրա հիմնական խոչընդոտները։

- Այս պահին դրա իրականացմանը խանգարում են առաջին հերթին աշխարհաքաղաքական պայմանները, ինչպես նաև տարածաշրջանային շահագրգիռ պետությունների միջամտությունը՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով։

 

Զրուցեց Ալիտա Եղիազարյանը

 

Send