Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Վաշինգտոնը չընդունի Թեհրանի պայմանները։
«Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բաց լինի նավերի համար», - ասել է Արաղչին իրաքյան «Ալ-Իրաքիա Նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ մինչև Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելը, «նեղուցը, բնականաբար, փակ կմնա»։
Նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է կատարի Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով նախատեսված բոլոր պարտավորությունները նախքան այլ հարցերի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Աբբաս Արաղչու խոսքով՝ կողմերի ցանկացած հարց կարող է քննարկվել բանակցությունների վերջնական փուլում։ «Իրանը ոչ մի կերպ չի զիջի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ կենսունակ լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են», - ընդգծել է նա։
Հունիսի 18-ի գիշերը Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել էին հուշագիր, որով նախատեսված է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը: Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, նախատեսվում է վերացնել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ծովային շրջափակումը՝ Թեհրանի կողմից կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի բացման դիմաց: Սակայն երկու կողմերն էլ ավելի ուշ հրաժարվել էին հուշագրի պայմաններից և վերսկսել ռազմական գործողությունները:

Русский