«Հրապարակ» թերթը գրում է ․ Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու: Այն, մեր տեղեկություններով, տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում։ Նախօրեին Փաշինյանը թիմակիցների, մասնավորապես Վահագն Ալեքսանյանի հետ այցելել էր Ջրվեժում գտնվող այդ ռեստորանը, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որը պետական գործերը թողած՝ թմբուկ է զարկում։
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով, եւ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի առաջարկելով նախապես գրանցվել: Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց յոթը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։ Ի դեպ, այս ռեստորանում էր ԱԺ նախագահը հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը: Հավանաբար, իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ «ջանք» են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն են ձեռք բերել 54 մլն դրամով։ «Հետքը» բացահայտել էր, որ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75․6 մլն դրամ է՝ շուրջ 21․6 մլն դրամով ավելի բարձր, քան Կոնջորյանի գնման գինը՝ մոտ 54 մլն դրամ։ Ընդ որում, գործարքի գումարը թույլ է տալիս օգտվել եկամտահարկից
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ դեռ 2025 թվականի վերջին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է մանրամասն ստուգում՝ հասկանալու համար, արդյոք այդ առանձնատան գնի պայմանագրային արժեքը նախատեսված է եղել հարկային արտոնությունից օգտվելու նպատակով, թե այն համարվում է շուկայական գործարք՝ առանց կոռուպցիոն ռիսկերի
Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը իր իրավապահ աղբյուրներից պարզեց, որ ստուգումների շրջանակում իրավապահները պահանջել են համապատասխան փաստաթղթեր և պայմանագրային հիմնավորումներ շինարարական այն ընկերություններից, որոնցից Կոնջորյանը գնել է իր բնակարանը։
Այսպիսով, այս պահին Կոնջորյանի առանձնատան վաճառքի գործարքը գտնվում է ստուգման փուլում՝ առանց պաշտոնական և հրապարակային հայտարարության։ «Ժողովուրդը» շարունակում է հետևել գործընթացին և առաջիկայում հանրությանը կներկայացնի ստուգումների ամբողջական պատկերը»։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ՔՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ: Այդ որոշումը Շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա՝ ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեկ Փաշինյանը, անդրադառնալով նրան, հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։
Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»։ Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել, եւ հեռու չէ այն օրը, երբ նա կհայտնվի մեղադրյալի աթոռին: Այդ ժամանակ Փաշինյանը կհիմնավորի իր զինակցին զոհաբերելու անհրաժեշտությունը փորձելով տպավորություն ստեղծել, թե չի հանդուրժում կոռուպցիոն երեւույթները: Ի դեպ, գրել էինք, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաեւ Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկաները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին են խոսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործն ամբողջությամբ Հայկի ձեռքին էր։

Русский