Հայաստանում և ընդհանրապես աշխարհում աշխատաշուկան դինամիկ փոփոխությունների փուլում է։
Հին մասնագիտություններն աստիճանաբար զիջում են իրենց տեղը նորերին, իսկ թվայնացման, ստեղծագործական և տեխնոլոգիական առաջընթացի համադրությունը ձևավորում է ապագայի ամենապահանջված մասնագիտությունները։ Մասնագետները համոզված են՝ առավել մրցունակ կլինեն նրանք, ովքեր կկարողանան համատեղել բազմակողմանի հմտությունները, նորարար մտածողությունն ու թվային գիտելիքները։ Ո՞ր մասնագիտություններն են աստիճանաբար կորցնում իրենց պահանջարկը, և ո՞ր ոլորտներն են զարգանում ամենաարագը։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Մասնագետի կարծիքով՝ այսօր AI-ն փորձում է իր ներկայությունը պահպանել բոլոր ոլորտներում։
«Իսկապես, արհեստական բանականությունը կարծես իր թևերն է փռել բոլոր ոլորտներում, և այսօր այն կարելի է կիրառել գրեթե ամենուր։ Ամենաարագ վերանալու վտանգի տակ են այն մասնագիտությունները, որոնք կապված են թվերի և հաշվարկների հետ, քանի որ արհեստական բանականությունը դրանք կատարում է ավելի արագ և առանց սխալների։ Օրինակ՝ հաշվապահությունը։ Սակայն սա չի նշանակում, որ այդ մասնագետներն այլևս պետք չեն։ Սա նշանակում է, որ նրանք պետք է կարողանան աշխատել արհեստական բանականության գործիքներով, ինչը, ցավոք, Հայաստանում գրեթե ոչ ոք չի սովորեցնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Մխիթարյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը դեռևս պատրաստ չէ ապագայի մասնագիտությունների բերած փոփոխություններին։ Նրա համոզմամբ՝ նախ պետք է վերապատրաստվեն դասախոսներն ու ուսուցիչները, և միայն դրանից հետո նոր տեխնոլոգիաները լիարժեք ներդրվեն կրթական գործընթացում։
«Այո՛, Հայաստանը դեռ պատրաստ չէ այս փոփոխություններին։ Մինչև ուսանողներին սովորեցնելը՝ նախ պետք է սովորեն նրանց դասավանդողները։ Արհեստական բանականությունը կրթության մեջ պետք է կիրառվի բոլոր ոլորտներում, հատկապես անհրաժեշտ է դասախոսների վերապատրաստումը։ Ցավոք, Հայաստանում դա դեռ ընդունված չէ։ Շատերը նույնիսկ վախենում են խոսել այս թեմայի մասին, մինչդեռ աշխարհի լավագույն բուհերում առանց AI գործիքների կիրառման կրթությունն արդեն դժվար է պատկերացնել։ Այօր շատ երիտասարդներ նույնիսկ չեն դիմում բարձրագույն կրթության, որովհետև տեսնում են, որ այն հետ է մնում կյանքի պահանջներից»,- ասաց նա։
Վերջին տարիներին մասնավոր կրթական կենտրոններն ակտիվորեն առաջարկում են AI գործիքների ուսուցում։ Սակայն արդյո՞ք դա բավարար է։ «Սա այն ոլորտն է, որտեղ փոփոխությունները կարող են տեղի ունենալ նույնիսկ մեկ օրվա ընթացքում։ Չի կարելի ասել՝ այսօր սովորեցի և վերջ։ Այդ գիտելիքներն արդյունավետ կիրառելու համար պետք է անընդհատ հետևել զարգացումներին և շարունակել սովորել»,- ընդգծեց Մխիթարյանը։
Այսօր ռոբոտներն արդեն մասնակցում են վիրահատությունների, օգնում արտադրությունում և նույնիսկ կատարում կենցաղային աշխատանքներ։ Արդյո՞ք հնարավոր է, որ մի օր մարդու գործոնը երկրորդ պլան մղվի, իսկ աշխարհը ղեկավարեն խելացի մեքենաները։ «Այդպիսի կանխատեսումներ գիտնականներն իսկապես ունեն։ Դա պայմանավորված է նրանով, որ արհեստական բանականությունը ոչ միայն սովորում է, այլ նաև կարողանում է գեներացնել նոր լուծումներ։ Զարգացման ավելի բարձր փուլերում այն այլևս չի սպասում, որ իրեն հանձնարարություն տան, այլ ինքն է ձևավորում խնդիրներ և սկսում լուծել դրանք։ Նրա մտածողությունն աստիճանաբար նմանվում է մարդու մտածողությանը, և հաշվի առնելով, թե ինչ արագությամբ է զարգանում արհեստական բանականությունը, հնարավոր է՝ մի քանի տարի անց այն ինքնուրույն իրականացնի բազմաթիվ գործողություններ»,- նշեց փորձագետը։
Սակայն մասնագետները վստահեցնում են՝ արհեստական բանականության զարգացումը չի նշանակում, որ մարդը կորցնելու է վերահսկողությունը։ Աշխարհում արդեն ձեռնարկվում են քայլեր՝ AI-ի անվտանգ և պատասխանատու կիրառումն ապահովելու համար։
«Այդ ուղղությամբ արդեն իրականացվում են կանխարգելիչ քայլեր։ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը և Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծել են արհեստական բանականության կիրառման էթիկական սկզբունքներ և համապատասխան փաստաթղթեր։ Նպատակն այն է, որ այս տեխնոլոգիաները ծառայեն մարդուն և զարգանան հստակ կանոնների շրջանակում»,- եզրափակեց Մխիթարյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский