Օրվա իշխանությունները երկիրը վերածել են ոստիկանապետության, որտեղ գիտությունը, գիտնականն արհամարհված, ավելին՝ նվաստացված վիճակում են, չեն արժևորվում, ինչից էլ լրջորեն տուժում է երկրի կրթական ոլորտը։ Կրթությունը միայն շենքերն ու ակադեմիական քաղաքները չեն, կրթությունը գրագետ, արհեստավարժ ու բանիմաց գիտնականների առկայությունն է, որոնք էլ նոր սերունդներին անհրաժեշտ գիտելիքներով կզինեն և կճանապարհեն մասնագիտական կյանք։ Տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ Հայաստանում գիտությունը, գիտական ոլորտը ողբալի վիճակում են․ «Ես դա ձեզ ասում եմ որպես գիտնական։ Գիտությունը, գիտելիքը պահանջարկ չունեն։ Այն, ինչ արվում է Հայաստանի Հանրապետությունում, գիտության դեմ է։ Մենք չենք կարող զարգացնել կրթությունը, որքան էլ ակադեմիական քաղաքներ կառուցենք, եթե գիտելիք տվողին չկրթենք։ Այսօր արդեն շատ քիչ են մասնագետները, որոնք կարող են նոր սերունդ կրթել։ Մեծ մասն այսօրվա մարտահրավերների տեսանկյունից անհրաժեշտ տարրական գիտելիքներ չունի, չի տիրապետում դրանց։ Դա պետք է սնուցվի գիտության կողմից, այնինչ մեր երկրում գիտության ֆինանսավորումը սարսափելի կրճատվել է»։
Տնտեսագետը, համեմատելով գիտության և ուժային կառույցների բյուջեները, մտահոգվում է, որ դրանք էականորեն տարբերվում են․ իշխանությունները, ոստիկանությանը հսկայական բյուջե հատկացնելով և նրանց բարձր աշխատավարձեր ապահովելով, նույն վճռականությամբ կրճատում են գիտության ոլորտին հատկացվող բյուջեն՝ հստակ մեսիջ ուղարկելով հանրությանը, որ իրենք անգրագետ, կիսագրագետ (այսօր ոստիկան դառնալու համար կրթական ցենզ հարկավոր չէ) մարդկանց հնարավորություն են տալիս ոստիկան դառնալու, որոնք ուսյալ, կրթված գիտնականներին բռի, անտաշ ձևով կարող են վերաբերվել, ինչը և արվում է։
Կամ այլ հայացքներ ունեցող քաղաքացիներին՝ անկախ ծննդկան մայր, դեռահասության շեմը նոր հատած երիտասարդ, պատկառելի տարիքի քաղաքացի լինելուց, պարզապես ձերբակալել։ Այդպիսով պետությունը խրախուսում է անգրագիտությունը և խոցելի դարձնում ուսյալ քաղաքացիներին, գիտնականներին։
Նույն սկզբունքն է գործում նաև կառավարությունում պաշտոնյաների կամ մասնագետների նշանակելու դեպքում: «Այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները որտեղի՞ց եկան, որոնք իրենց կենսագրությունը սկսել են 2018 թվականին։ Սա նշանակում է շռնդալից ապտակ բոլոր այն մարդկանց, ովքեր բուհն ավարտել են լավ գնահատկաններով կամ գերազանց, փորձառություն ձեռք բերել, իրենց ասպարեզում փայլել են և կարողացել են հաջողություներ ունենալ։ Բայց այդ մարդիկ՝ ներառյալ ձեր խոնարհ ծառան, քաղաքականացված Երևանի պետական համալսարանի՝ գրագողության մեջ մեղադրվող ղեկավարի օրոք, ստիպված թողել են դասավանդման պրակտիկան։ Բազմաթիվ մտավորականներ չեն կարողանում լսարան մտնել, նրանց փոխարեն կիսագրագետներն են գալիս, որոնք անգամ չգիտեն, թե ինչ առարկա պետք է դասավանդեն»,- եզրափակեց խոսքը Թաթուլ Մանասերյանը։
Կար ժամանակ, երբ խորհրդային կարգեր էին Հայաստանում (ի դեպ, Փաշինյանն ատում է այդ ժամանակահատվածը և ամեն անպատեհ առիթով հայտարարում, թե մեր բոլոր դժբախտություններն այդ ժամանակ են սկսվել, երբ մեզ «պարտադրել» են հայրենասիրություն, պահանջատիրություն և այլն) և հենց այդ ժամանակ էր, որ հերոս էին համարվում ոչ թե ոստիկանները, այլ գիտնականը, արվեստի, մշակույթի գործիչները և աճող սենդի համար նրանք էին ընդօրինակման չափորոշիչ։ Իսկ այսօր Նիկոլի Հայաստանում այդ չափորոշիչներն իջեցվել են շրիշակի մակարդակից էլ ցած, որ անգամ ուժային համակարգում դպրոցական թերի գիտելիքներ ունենալն աշխատանքի ընդունվելու խոչընդոտ չէ։
Թագուհի Ասլանյան

Русский