Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում սեպտեմբերի 15-ին քվեարկության կդրվի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման առաջարկը։
Եվրախորհրդարանի կայքում հրապարակվել է սեպտեմբերի 14-17-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստերի օրակարգը, որոնց թվում է նաև Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի քվեարկությունը, որին ավելի վաղ հավանություն էր տվել ԵՄ խորհուրդը։
Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։
Նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։
Նախագիծով նախատեսվում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա։

Русский