Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Այդ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը, երբ Հայաստանում աղքատության մակարդակն օր օրի բարձրանում է

Blog Image

Վերջին օրերին Փաշինյանը սովորություն է դարձրել աշխատանքային առավոտները սկսել իր ղեկավարած կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթների ներկայացմամբ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Այսօր հերթը տնտեսական ցուցանիշներինն էր, և հպարտությամբ հայտարարեց, թե 2021-2026 թվականների նախընտրական ծրագրով իրենց խոստացած միջինում 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն իրենց հաջողվել է 7,6 տոկոս աճ ապահովել։  Իսկ 2018-2025 թվականներին իրական ՀՆԱ-ն, ըստ նրա, աճել է 53 տոկոսով, այսինքն՝ տնտեսությունը կրկնակի աճել է։  Փաշինյանի խոսքով՝ իրենք տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղ են ստեղծել, աղքատությունը կրճատվել է 5 տոկոսով։ 2018 թվականից, այդպիսով, 288 հազար աշխատատեղ է ստեղծվել։
 
Տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, MediaHub-ի հետ զրույցում պարզաբանելով Փաշինյանի ներկայացրած ցուցանիշները, ասաց, որ տնտեսական աճի միջինացված ցուցանիշը չի խոսում տնտեսության իրական վիճակի մասին։ Այնինչ, նրա հավաստմամբ, տնտեսության իրական հատվածը բավականին ողբալի վիճակում է։ 

«Երբ օգտագործում են «մեզ հաջողվեց» բառակապակցությունը, նշանակում է կառավարությունը, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարությունը ջանքեր է գործադրել նման ցուցանիշներ, արդյունքներ ապահովելու համար։ Ես արդեն մի քանի տարի է՝ փորձում եմ էկոնոմիկայի նախարարությունից հասկանալ, թե ինչի՞ հաշվին են իրենք իրենց վերագրում այն, ինչ անում են գործարարները, և այդպես էլ հաշվարկներ չեմ ստանում։ Օրինակ, ներկայացնեն՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացրել ենք այսինչ-այնինչ ծրագրերը և արդյունքում ստացել ենք այսքան աճ։ Հիշեցնեմ, որ գյուղատնտեսության ոլորտում մենք մի քանի տարի շարունակ ունեցել ենք տնտեսական անկում։ Տնտեսական քաղաքականություն չունեն։ Գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ չի եղել ագրարային քաղաքականություն։ Այդ դեպքում ինչպե՞ս են վարում տնտեսությունը՝ առանց քաղաքականության մշակման»,- ասում է տնտեսագետը։

Տնտեսության վատթար վիճակի մասին է վկայում վերջին տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը։ Զարգացող տնտեսությունում էլեկտրաէներգիայի սպառումը պետք է աճեր, եթե նոր արտադրություններ հիմնվեին կամ հները նոր հզորությամբ ու բարձր արտադրողականությամբ սկսեին աշխատել։ Որոշ տարիների, իհարկե, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են, բայց դա էլ արտահանման հաշվին․ «Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան, Իրան և հիմա՝ նաև Թուրքիա։ Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության անկումը խոսում է այն մասին, որ որքան էլ մենք արտահանենք, ներքին պահանջարկը նվազել է։ Նաև բնակչությունն է աղքատացել, գնողունակության անկման պատճառով մարդիկ սկսել են ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառել։ Սա ձեռքբերո՞ւմ է համարվում կամ կառավարությունը հաջողված ծրագի՞ր է համարում»։ 

Տնտեսագետն ասում է, որ առանձին ոլորտներում իրոք տնտեսական աճ կա։ Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում․ նախորդ տարի երկու միլիոն 300 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Բայց դա էլ, ըստ նրա, միանշանակ չէ։ Զբոսաշրջիկների թիվը հաշվելու տարբեր մեթոդաբանություններ կան։ Որոշներում հաշվարկվում է, թե օտար երկրի քաղաքացին քանի օր պիտի անցկացնի այլ երկրում զբոսաշրջիկ համարվելու համար, որքան գումար ծախսի, նաև պետք է հասկանալ, թե ովքեր են զբոսաշրջիկ համարվում և ովքեր են որպես զբոսաշրջիկ հաշվարկվում վիճակագրական տվյալներում, շատերը գալիս են ատամները բուժելու համար, քանի որ Հայաստանում այդ ծառայությունն անհամեմատ մատչելի է։ Մյուս կողմից էլ Թաթուլ Մանասերյանը համարում է, որ զբոսաշրջությամբ զբաղվում են ոչ թե պետությունը, պետական կառույցները, այլ՝ մասնավորները։ Մասնավոր հատվածի ջանքերով է զբոսաշրջությունը Հայաստանում այդ մակարդակում, նրանք են ջանքեր գործադրում, ծրագրեր իրականացնում զբոսաշրջիկների ներգրավելու ուղղությամբ։ Այնինչ այդ ոլորտի զարգացման համար պետության «ջանքերը» խայտառակ վիճակում գտնվող ավտոճանապարհներն են։ 

«Մենք ամեն օր առնչվում ենք ճանապարհների այդ որակի հետ, մեքենաների սեփականատերերը պարբերաբար բողոքում են, որ մեքենաները ճանապարհների վատ որակից շատ արագ վնասվում են, փչանում, վթարներ են լինում»,- նշեց նա։

Հայաստանի տնտեսությունը, Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, ռուս-ուկրաինական պատերազմից էլ է շահեկան դուրս եկել․ «Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ «ձեռքբերումներ» ունի ուկրաինական պատերամից։ 2022 թվականին՝ պատերազմը սկսվելուց հետո, ութ ամիսների ընթացքում մեր ազգային արժույթը՝ դրամը, արժևորվել է քսան տոկոսից ավելի։ Արտահանող երկրի համար դա դրական միտում չէ, որովհետև այդ դեպքում արտահանվող ապրանքները դառնում են ոչ մրցունակ։ Բայց ներմուծվող ապրանքների համար պետք է գնանկում լիներ առնվազն քսան տոկոսով։ Նկատենք, որ գնանկում չի եղել։ Ստացվում է, որ կառավարությանը մերձ ներկրողները, որոնք չեն հարկվում, գերշահույթներ են ստացել ու ստանում։ Ես բազմիցս առաջարկել եմ, որ գերշահույթները հարկվեն կամ ապրանքների գները իջեցվեն։ Բայց այստեղ նախընտրում են չհարկվող գերշահույթները»։

Հայաստանի տնտեսության ցուցանիշների զգալի մասն ապահովվում է վերարտահանումների հաշվին։ Պարոն Մանասերյանի ներկայացմամբ՝ միայն անցյալ տարվա տնտեսական աճը վերջին երկու ամիսների ընթացքում է ապահովվել՝ վերարտահանման հաշվին։ Եթե վերարտահանման գործոնը բացառենք, ապա տնտեսության հիմնական ճյուղերում ոչ թե տնտեսական աճ, այլ անկում կարձանագրենք։ 

«Ուզում են ապացուցել, որ տնտեսական աճ կա այն մարդկանց, որոնք դա իրենց վրա չեն զգում։ Չեն զգում, որովհետև ՀՀ-ում աղքատության մակարդակն աճել է։ Առանձին մարզերում վերին շեմ համարվող 60 տոկոսն է հատել աղքատությունը։ Մասնավորապես, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում։ Իսկ ընդհանուր առմամբ երկու-երեք տարի առաջ հրապարակվեցին Համաշխարհային բանկի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում աղքատության ընդհանուր մակարդակը 40 տոկոսից ավելի էր։ Մենք ա՞յս տնտեսական աճի մասին ենք խոսում»,- հռետորական հարց բարձրացրեց մասնագետը։

Ըստ նրա՝ բացարձակ սուտ են նաև աշխատատեղեր ստեղծելու մասին իրենց պնդումներն ու ներկայացրած թվերը։

«Իրենց ներկայացմամբ՝ տարեկան 50 հազար,  60 հազար, անգամ 70 հազար աշխատատեղ են ստեղծել։ Եթե այդպես լիներ, մենք հիմա պետք է 400 հազարից ավելի նոր աշխատատեղ ունենայինք։ Անգամ իրենց ներկայացրած 288 հազարն իրական թիվ չէ։ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանում 212 հազար գործազուրկ կար։ Եթե 288 հազար աշխատատեղ են ստեղծել, ուրեմն հիմա պետք է մեր երկրում 76 հազար լրացուցիչ աշխատատեղ լինի։ Այդ դեպքում մենք ընդհանրապես պետք է գործազրկություն չունենայինք։  Երբ այս մասին խոսվում է, իրենք ասում են, թե իրականում դրանք նոր աշխատատեղեր չեն, այլ ստվերից դուրս բերվածներն են։ Ստվերից հանելը մի բան է, աշխատատեղ ստեղծելն՝ այլ բան։ Իրերը պետք է իրենց անուններով կոչել, դա տարրական գրագիտություն է պահանջում։ Մարդկանց չի կարելի խաբել։ Սովորական քաղաքացին լսում է դա ու հավատում, որ իրոք այդքան աշխատատեղ է ստեղծվել։ Քաղաքացիներին մոլորեցնելու միջոցով փորձում են նրանց քվեները ստանալ»,- ամփոփեց խոսքը Թաթուլ Մանասերյանը։

Թագուհի Ասլանյան

Send