Առաջիկա խորհրդարանական ընտրությունները թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ հանրության գիտակից մասը ոչ թե քաղաքական գործընթաց, այլ լինելիության կռիվ են համարում՝ իշխանությունն իր կյանքի ու ազատության, ընդդիմությունն ու հանրությունը՝ պետության գոյության ու ինքնության պահպանման։
Ուստի զարմանալի չէ, որ իշխանությունները, ունենալով իշխանական լուրջ լծակներ ու ռեսուրս, ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար՝ առաջնորդվելով կյանքի պահպանման վախով։ Եվ այս համատեքստում արդեն իսկ ահազանգեր կան իրենց բնօրրանից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներից, որոնց համաձայն՝ այս պահին պետական կառույցները ընթացք չեն տալիս Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրենց դիմումներին և տարբեր պատրվակներով ձգձգում են այնքան, մինչև հունիսի 7-ն անցնի։ Իրենց կարծիքով՝ միտումնավոր են սպասեցնում, որպեսզի չկարողանան մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող չափահաս անձինք։
«Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը MediaHub-ին տեղեկացրեց, որ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումները այս տարվանից էլեկտրոնային տարբերակով են ուղարկվում, սակայն փաստաթղթերը վերցնելու հրավերներն ուշանում են՝ ի տարբերություն նախկինի։ Միգրացիոն և քաղաքացիության ծառայության կայքում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառնական ընթացակարգերում նշված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումները քննարկվում են կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում։ Մետաքսե Հակոբյանն ասում է, որ հիմա այդ եռամսյա ժամկետը ձգձգվում է մինչև կես տարի։
Այն դեպքում, երբ սկզբնական փուլում 1-2 ամսվա ընթացքում էին հենց արցախցիներին քաղաքացիություն տալիս։ Այդպես մինչև նախորդ տարվա վերջ, որից հետո դիմումների հանձնումը դարձրեցին առցանց և գործընթացն ավելի բարդացավ, դարձավ անվերահսկելի։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում ապաստան գտած արցախցիների 99 տոկոսը հակակրանք է տածում Հայաստանի ներկա իշխանությունների նկատմամբ և հանձին նրանց՝ իշխանությունները որևէ աջակցություն չունեն։ Նա նման հետևության է եկել՝ «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի կողմից 1500 արցախցու շրջանում իրականացված հարցումների արդյունքների վրա հիմնվելով։ Ըստ այդ հարցումների՝ Հայաստանում գտնվող արցախցիների միայն 1 տոկոսն է քիչ թե շատ աջակցում Փաշինյանի իշխանությանը, նրանց զգալի մասը սովորաբար վերաբնակեցվածներն են, բնիկ արցախցիներն ընտրություններին մասնակցելու հնարավորության դեպքում իրենց ձայները պատրաստ են տալ իրական ընդդիմադիր ուժերին։ Իր կարծիքով՝ չի բացառվում, որ հենց այդ հանգամանքով պայմանավորված լինի արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու հետ կապված ուշացումները․ այդկերպ իշխանությունները կարող են ընդդիմության հնարավոր քվեները չեղարկել՝ թույլ չտալով, որ բռնի տեղահանվածները ընտրությունների գնան։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանից MediaHub-ը փորձեց ճշտել, թե ինչով են պայմանավորված քաղաքացիություն ստանալու դիմումներին պատասխանների ուշացումները։ Նրա հավաստմամբ՝ արցախցիների դիմումները շատացել են, ինչով էլ պայմանավորված են ուշացումները, քանի որ նախագահի աշխատակազմը չի հասցնում բոլորին պատասխանել՝ պատասխանած դիմումները նորերով են համալրվում։
«Ամեն պահի մոտ 1000 գործ ունենք նախագահի աշխատակազմում, աշխատանքները կանգնեցված չեն, ընթացքի մեջ են, պարզապես ամեն պատասխանած դիմումից հետո մենք այդ գործերը նոր դիմումներով ենք համալրում։ Հիմա քաղաքացիություն տալու գործընթացը տևում է չորսուկես ամիս, ինչպես որ նախատեսված է քաղաքացիություն ստանալու գործառնական ընթացակարգերով։ Մինչև էլեկտրոնային հարթակի գործարկումը մենք բավականին արագ էինք գործերը վարում, թեև այդ գործընթացը նույնն է մնացել, բայց էլեկտրոնային հարթակի գործարկմամբ՝ դիմումների թիվը շատացավ՝ հավանաբար պայմանավորված նաև այն հանգամանքով, որ կարելի էր առանց տանից դուրս գալու և հերթերի դիմումներ ներկայացնել։ Դիմումների ընդունման մեր տարեկան ռեկորդը եղել է 21 հազարը, իսկ այս տարվա վերջին երեք ամսվա մեջ միայն արդեն 12 000 դիմում է ներկայացվել։ Հիմա ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում՝ զբաղվելով նաև նախորդ տարի թղթային տարբերակով ստացված դիմումներով։ Օրենքը չենք խախտում, օրենքով նախատեսված ժամկետները չենք գերազանցում, բայց քանի որ մեր հայրենակիցներն ակնկալում են նախկինի պես մեկ-երկու ամսում պատասխան ստանալ, դժգոհում են ուշացումներից։ Մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք, հավելյալ ռեսուրս ենք ներգրավել, որպեսզի կարողանանք ծանրաբեռնվածությունը հնարավորինս թոթափել ու վերադառնալ նախկին արագացված աշխատանքային գործելաոճին»,- մեզ հետ զրույցում ասաց ծառայության պետը։
Նրա տեղեկացմամբ՝ այս տարվանից քաղաքացիության դիմումների ընթացակարգը թվայնացվել է։ Իսկ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը այդ դիմումները թղթային տարբերակով են ընդունվել։ Մինչև թվայնացումը արցախցիներից 26 777 դիմում է ներկայացվել։ Իսկ հունվարի մեկից մինչ օրս թվայնացված հարթակով ներկայացվել է 6 965 դիմում, այսինքն՝ 33 742 դիմումատու սպասում է պատասխանի, նրանց մեծ մասը փաստորեն արդեն 3-4 ամիս է՝ պատասխան չի ստացել։ Այս պահի դրությամբ նախագահի հրամանագրով 23 526 արցախցու ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: Մոտ 12 000 անչափահաս էլ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով՝ ծնողի դիմումի հիման վրա։ Արդյունքում արդեն 35 526 բռնի տեղահանված արցախցի ՀՀ քաղաքացի է։
Նելլի Դավթյանից նաև ճշտեցինք՝ քանի՞ բռնի տեղահանված կա Հայաստանում փախստականի կարգավիճակով։ Ըստ ծառայության տվյալների՝ ի սկզբանե նրանց թիվը 112 000 էր, բայց Արցախի բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտների թիվը 150 000 է։ Չի բացառվում, որ նրանց մի մասը պատերազմից հետո այդպես էլ չի վերադարձել, մի մասն էլ արտերկրում է եղել, այդ պատճառով էլ 2023 թվականին տեղահանվածների ցանկում չեն ընդգրկվել որպես այդպիսին։ Այդ տրամաբանությամբ 90 000-ից ավելի արցախցի դեռևս փախստականի կարգավիճակով է այստեղ գտնվում և տարբեր դրդապատճառներով դեռ չի պատրաստվում դառնալ ՀՀ քաղաքացի։
Թագուհի Ասլանյան

Русский