MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել ընթերցողներից, որ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում բազմաթիվ հարցեր են առաջանում։
«Ես չգիտեի՝ արդյո՞ք պետք է գնալ պոլիկլինիկա և ակտիվացնել փաթեթը, թե՞ ոչ։ Գնացի պոլիկլինիկա, ասացին, որ երբ գանգատ ունենամ և գամ հիվանդանոց կամ պոլիկլինիկա, ապա այդ ժամանակ կակտիվացնեն փաթեթը։ Բայց արդյո՞ք այս պահին ես կարող եմ գնալ բժշկի մոտ, և օրինակի համար, հետազոտվել ու անալիզներ տալ»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։
Մեզ դիմած քաղաքացիներն ահազանգում են, որ չգիտեն՝ ինչպե՞ս է գործում համակարգը, ե՞րբ պետք է դիմել, որ ակտիվացնել Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը, արդյո՞ք կարող են գնալ յուրաքանչյուր հիվանդանոց, թե՞ միայն պոլիկլինիկա․ MediaHub-ը դիմեց Առողջապահության նախարարությանը։
«Ապահովագրության շղթան քաղաքացու համար սկսում է առողջության առաջնային օղակից՝ պոլիկլինիկա և ամբուլատորիա։ Եթե քաղաքացին ունի գանգատ կամ տարեկան իր այցելությունն իրականացնում է իր թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, երեխաների դեպքում՝ մանկաբույժի մոտ, պոլիկլինիկական ծառայությունները ստանալուց զատ, եթե այլ խորքային խնդիր կա, ընտանեկան բժիշկը կամ թերապևտը կազմակերպում է քաղաքացու ուղեգրումը հիվանդանոցային օղակ։ Հիվանդանոցի ընտրությունը քաղաքացին է որոշում, թե որտեղ սպասարկվի»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Մարիաննա Արամյան

Русский