Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 55-ամյա Գինեվարդ Մ․-ն և 35-ամյա Արմեն Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Արմեն Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբայրն է, իսկ վիրավորը՝ մայրը։

Русский