Կառավարությունը նոր նախագիծ է հաստատել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխությունների» վերաբերյալ, որը կուղարկվի ԱԺ՝ քննարկման։ Նախագիծը նախատեսում է Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի պարտադիր գրանցման և վերահսկողության համակարգի ներդրում, ինչի միջոցով, ըստ կառավարության հիմնավորման, բջջային հեռախոսների շուկայում կվերացվի ստվերը և անվտանգության նոր չափանիշներ կներդրվեն։
Կառավարությունում օրենքի նախագծի քննարկման ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, թե IMEI կոդերի գրանցման և վերահսկողության բացակայությունը մի շարք խնդիրներ ու ռիսկեր է առաջացնում՝ «չմաքսազերծված և կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում և, ոչ պակաս կարևոր, անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաև կիբեր և ֆիզիկական անվտանգության ռիսկեր»։
Նախագծով առաջարկվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական շտեմարան, ինչպես նաև քաղաքացիների համար ապահովել հեռախոսների առցանց գրանցման հնարավորություն։ Նախագծի համաձայն՝ միասնական պետական շտեմարանը կկառավարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իսկ կսպասարկի բջջային կապի օպերատորների կողմից ձևավորված ադմինիստրատորը։
Նախատեսվում է այս համակարգը գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։
Մասնագետները նախագիծը խնդրահարույց են համարում՝ նշելով, որ այն մարդկանց համատարած վերահսկելու հնարավորություն է տալու։ Թեև օրենքի նախագծի նպատակը նշվում է իբրև բջջային հեռախոսների անվտանգության բարելավումն ու հարկային կորուստների կրճատումը, կեղծ սարքերի շրջանառության կանխումը, սակայն, ինչպես MediaHub-ի հետ զրույցում նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նախագծի գործառույթն ու նպատակն անհամաչափ են առկա ռիսկերի և մարդկանց ազատությունների սահմանափակման համեմատությամբ։
Քաղաքացիների անվտանգության բարելավումն այս դեպքում հակադրվում է մարդկանց անձնական կյանք ունենալու ազատության իրավունքին։ Փորձագետը հեգնում է՝ եթե յուրաքանչյուրիս վրա գաղտնալսող սարք ու տեսախցիկ դնեն, մեր անվտանգությունն ավելի կբարձրանա։ Նա վստահ է՝ անվտանգությունը չպետք է լինի քաղաքացու ազատությունների հաշվին։
Նոր նախագիծը մարդկանց վերահսկելու լուրջ մեխանիզմներ է ստեղծելու։ Անհասկանալի ինչ-որ մարմին է ձևավորվելու, որը հասանելիություն է ունենալու մարդկանց միանգամից մի շարք տվյալների՝ հեռախոսահամար, անձնագրային տվյալներ, SIM քարտ, IMEI կոդ և անգամ սահմանային շարժ։ Նախագիծը նաև թույլ է տալիս բոլոր այդ տվյալները կոմերցիոն նպատակներով օգտագործել։ Եվ ոչ միայն. ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Հասկանալի չէ, թե այդ վերահսկող մարմնին ինչ կառույց պետք է վերահսկի, որպեսզի նրանք իրենց հասանելի տվյալները այլ նպատակներով չօգտագործեն։
Նախագիծը մի շարք անհարմարություններ է առաջացնելու ոչ միայն մեզ, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար ու հնարավոր է՝ բացասաբար անդրադառնա այդ ոլորտի վրա։ Եթե զբոսաշրջիկը Հայաստան ժամանելուց հետո 30 օրվա ընթացքում չգրանցի իր հեռախոսի IMEI կոդը, ապա այն արգելափակվելու է տեղի օպերատորների կողմից, քանի որ օրենքի նախագիծը սահմանում է, որ բջջային օպերատորները պարտավոր են ստուգել հեռախոսի կոդը և չգրանցված սարքերին ծառայություններ չմատուցել կամ դադարեցնել դրանք։ Շատ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին դա կարող է դուր չգալ, և նրանք կարող են պարզապես հրաժարվել այս ուղղությունից։
Օրենքի նախագիծը նաև տուրքեր է նախատեսում Հայաստանի քաղաքացիների համար։ Եթե ֆիզիկական անձը արտերկրից Հայաստան ներմուծի մեկ բջջային հեռախոս, որն արտադրվել է ընթացիկ կամ նախորդ օրացուցային տարում, IMEI կոդի գրանցման համար կվճարի 3000 դրամ պետական տուրք։ Ավելի հին սարքերի դեպքում գրանցումը կմնա պարտադիր, սակայն տուրք չի գանձվի։ Նախագծով սահմանվում են նաև հավելյալ վճարներ այն քաղաքացիների համար, որոնք մեկ տարվա ընթացքում ներմուծում են երկրորդ, երրորդ կամ ավելի հեռախոսներ։ Օրինակ՝ 2026 թվականին արտադրված հեռախոսի դեպքում նախատեսվում է 100 հազար դրամ, իսկ 2025 թվականին արտադրված հեռախոսի դեպքում՝ 20 հազար դրամ պետական տուրք։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար յուրաքանչյուր մինչև երկու տարվա հնության հեռախոսի IMEI կոդի գրանցման համար նախատեսվում է 3000 դրամ վճար, ինչպես նաև տարեկան 250 հազար դրամ տուրք։
Թե՛ այս տուրքերը, թե՛ շուկայում ստվերի կրճատումը, Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ, բջջային հեռախոսների շուկայում հանգեցնելու են նաև գնաճի։
Նախագիծը մշակողները հղում են անում միջազգային փորձին, այնինչ փորձագետը նշում է, որ այդ միջազգային փորձը սահմանափակվում է այնպիսի երկրներով, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ինդոնեզիան, Կոլումբիան, Չիլին։ Ընդամենը քսան երկրում է ներդրվել համակարգը, և այդ ցանկում չկա որևէ ժողովրդավարական, մարդու իրավունքներն ու ազատությունները գերակա համարող պետություն։
Ինչ վերաբերում է համակարգի ներդրմանը, մեդիափորձագետն ասում է, որ ոչ միայն համակարգն է խնդրահարույց, այլև դրա գործարկումը մի շարք խնդիրներ ու անհարմարություններ է առաջացնելու։ Հաշվի առնելով վերջին տարիներին մեր երկրում ներդրված թվային համակարգերում (հանրային տրանսպորտի ուղետոմսի համակարգ, հայտարարագրման համակարգ) առկա քաոսային վիճակը՝ կարելի է ասել, որ այս դեպքում ևս խառնաշփոթ է լինելու։ Այնպես որ, հայաստանցիներիս հերթական նոր փորձությունն է սպասվում։
Թագուհի Ասլանյան

Русский