Քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունից երկու տարի անց Ֆրանսիայում մահափորձ են կատարել նրան սպանելու մեջ մեղադրվող Սու. Գրիգորյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ըստ նախաքննության տվյալների, հենց նա է եղել «Չաղ Ռուստամի» հետ Ֆազի սպանությունը կազմակերպողներից մեկը, ի դեպ, նա հենց կրակողն է եղել։
Ֆրանսիական nicematin լրատվականը գրում է.
«Մայիսի 25-ին՝ երկուշաբթի երեկոյան, Ֆրանսիայի Նիս քաղաքում, Ֆրանս փողոցում, տղամարդը հրազենային և դանակային հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է։ Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում, հարուցվել է հետաքննություն։
2026 թվականի մայիսի 25-ի ուշ երեկոյան Նիսում տղամարդը ծանր վիրավորվել է բռնի հարձակման հետևանքով, որի ընթացքում կիրառվել են թե՛ հրազեն, թե՛ դանակ։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանս փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում։
Նախնական տվյալներով՝ տուժածը ստացել է չորս հրազենային վնասվածք նույն ազդրի հատվածում։ Նա նաև ունի մի քանի դանակային վնասվածք, որոնցից երկուսը՝ աջ կողային հատվածում, ևս մեկը՝ պորտի շրջանում։
Շտապօգնության աշխատակիցները տղամարդուն տեղափոխել են Նիսի Պաստյոր հիվանդանոց, որտեղ նա ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։
Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները արագ ժամանել են դեպքի վայր՝ տարածքն անվտանգ դարձնելու և տուժածին օգնություն ցուցաբերելու համար։
Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ երեք ենթադրյալ հարձակվողներ ներկայումս փախուստի մեջ են։
Հարուցվել է հետաքննություն՝ հարձակման ճշգրիտ հանգամանքները պարզելու և կասկածյալներին հայտնաբերելու նպատակով։
Ականատեսների ցուցմունքների հավաքագրումն անմիջապես սկսվել է։ Ոստիկանության տեխնիկական և գիտական ծառայությունները նույնպես պետք է հավաքեն դեպքի վայրում առկա հնարավոր ապացույցները։
Ականատեսներից մեկի խոսքով՝ երեք անձ մեքենայով եկել են, կայանել դիմացի դեղատան մոտ, անցել փողոցը և երեք անգամ կրակել տուժածի ազդրին։ Այնուհետև տղամարդուն նաև դանակահարել են։ Դրանից հետո նրանք վերադարձել են մեքենա և փախուստի դիմել»։
Մեր տեղեկություններով՝ հենց Սու. Գրիգորյանի նկատմամբ մահափորձի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության կազմակերպիչները՝ Ռ.Ստեփանյանը և Ա.Կուրեղյանը, հայտնաբերվել և ձերբակալվել էին: Ռուստամ Ստեփանյանի վերաբերյալ վերդիկտը դատարանը կհրապարակի հունիսի 10-ին։ Իսկ ահա դեպքի մասնակից Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մենք նաև հարցում ենք ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ քայլ արվում է Սու. Գրիգորյանին Հայաստան բերելու համար, և արդյո՞ք իրենք տեղեկություն ստացել են նշված դեպքի վերաբերյալ։ Հարցման պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք այն։

Русский