ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետի ելույթի ժամանակ հնչած որոշ դրույթներ խնդրահարույց են մեր պետության ու ժողովրդի արժանապատվության, ինքնության և պետականության պահպանման համատեքստում։
Դրանք կասկածներ են հարուցում, որ ադրբեջանական պասիվ ագրեսիայի բոլոր դրսևորումները կուլ տալով՝ Հայաստանը, արդյոք, ինքնիշխանության վերացման ուղիղ ճանապարհը չի՞ բռնել՝ անունը դնելով խաղաղության գործընթաց։
Իր ելույթում Փաշինյանը հպանցիկ ակնարկեց ադրբեջանական կողմից իշխանական մակարդակով հնչեցվող զավթողական, մշակութային ցեղասպանության դրսևորումներին՝ հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ։ Թվում էր՝ Փաշինյանը վերջապես խիզախեց, թեկուզ առանց անուններ ու դեպքեր նշելու, Ալիևին հորդորել, որ նա իր պաշտոնյաներին կոչ անի զուսպ լինել հայտարարություններում, որպեսզի չվնասվի նորաթուխ խաղաղության գործընթացը։ Բայց հաջորդ վայրկյանին հույսերն ի դերև ելան, երբ Փաշինյանը, շարունակելով խոսքը, Ադրբեջանին հստակ ազդակ տվեց, թե շարունակեք այդ ոճի ագրեսիան, մենք չենք պատրաստվում փոխադարձ քայլեր կամ գոնե հայտարարություններ անել։
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախում գտնվող հայկական պատմամշակութային ու հոգևոր շինությունները աղվանական հռչակելու և այդպիսով հայկական հետքը Արցախից լիովին ջնջելու քայլեր են արվում՝ հայերին մեղադրելով այսպես կոչված աղվանական ժառանգությունը յուրացնելու մեջ։ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից և տարածաշրջանից հայերի բռնի տեղահանումից հետո նման հայտարարություններ հնչում էին հասարակական գործիչների, անհատների ու լրատվամիջոցների կողմից, բայց պետական մակարդակով քարոզչությունը հատկապես ակտիվացավ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների՝ Արցախ կատարած այցից հետո։ Այդ ժամանակ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Դադիվանքը և Գանձասարը ներկայացրեց որպես հին աղվանական եկեղեցիներ և հայտարարեց, թե հայերը յուրացրել են դրանք։ Որոշ ժամանակ անց նախագահի կաբինետի այդ ներկայացուցիչը հայտարարեց, թե «Կովկասի Ալբանական թագավորության քրիստոնեական ժառանգությունը տարիների ընթացքում հայերի կողմից ենթարկվել է կեղծման ու եկեղեցիների ճարտարապետության փոփոխման»։
Հաջիևի պաշտոնական քարոզչությանն է միացել նաև Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան՝ հայկական կողմին մեղադրելով Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ գողանալու ու Հայաստան տեղափոխելու համար։ Ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցի ժամանակ նշել է, թե Դադիվանքից դուրս բերված որմնանկարներն ու խաչքարերը վերադարձնելու պահանջով Բաքուն դեռ անցած տարի դիմել է Ինտերպոլին, և դրանք ներառվել են «Գողացված արվեստի գործերի» տվյալների բազայում։ Տիկին Հաջիևան «աղվանական» է անվանել նաև Ամարասի, Հոռեկավանքի, Ծիծեռնավանքի, Սուրբ Եղիշեի և Արցախում գտնվող մյուս եկեղեցիները։ Նա պնդել է, թե անհրաժեշտ է Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ հետազոտություններ անցկացնել նաև Հայաստանի տարածքում, քանի որ իր համոզմամբ՝ «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածը ևս մտել է Կովկասյան Աղվանքի կազմի մեջ»։
Մեկ բան է, երբ ադրբեջանցի պաշտոնյաները, բնականաբար՝ երկրի ղեկավարի թողտվությամբ, եթե ոչ՝ դրդմամբ, հայկական պատմամշակութային ժառանգությունն աղվանական են անվանում, և մեկ այլ բան, երբ Հայաստանի հասցեին հստակ ու ուղղորդված մեղադրանքներ են հնչում մի բանում, ինչով իր գոյության ողջ կարճատև ընթացքում զբաղված է եղել հենց պատմություն, մշակույթ, արվեստ և ավանդույթներ չունեցող Ադրբեջանը՝ պետական մակարդակով։ Եվ գոնե այս դեպքում Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, պարտավոր էր ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացնել այդ հարցը և խոսել Ադրբեջանի կողմից հայկական ինքնության կոպիտ ոտնահարումների, հայերին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու և այդպիսով ամբողջ աշխարհի առաջ վարկաբեկելու ու հայկական մշակույթի նկատմամբ զավթողական նկրտումների մասին։ Նյու Յորք կատարած այցելությունը դրա համար հրաշալի առիթ էր։
Բայց նա հերթական անգամ այդ առիթն օգտագործեց ադրբեջանցիների ու Ադրբեջանի շահերի պաշտպան ներկայանալու համար, երբ հայտարարեց, թե Հայաստանը չպետք է արձագանքի Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն՝ պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթի կիրառման դրսևորումներին։ Նրա կարծիքով՝ «Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան բավարար արդյունքների են հասել, որոնք պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։ Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի»։ Փաշինյանն արդեն կյանքի կոչված գործողությունները խոսույթ է համարում՝ հույս փայփայելով կամ գուցե իր ոճին հատուկ մեז հուսադրելով, թե Բաքվից հնչող հայտարարությունները զուտ հայտարարություններ են, որոնք որևէ հետևանք չունեն։
Այնինչ, Ադրբեջանը ոչ միայն խոսում է, այլև աղավաղում ու ոչնչացնում է հայկական պատմամշակութային հուշարձանները, դրանք աշխարհին՝ տարբեր երկրների դիվանագիտական կառույցների խողովակներով, ներկայացնում իբրև աղվանական, որի ժառանգորդն Ադրբեջանն է։ Ավելին, Հայաստանն աշխարհի առաջ ներկայացնում է որպես ուրիշներինը յուրացնող, զավթող ու սեփականը չունեցող ինչ-որ քոչվոր ժողովուրդ։
Փաշինյանը շատ է սիրում կրկնել, որ, օրինակ, եթե Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ներկայացվող մեղադրանքները չի հերքում, ուրեմն դրանք հիմնավորված են և ճիշտ։ Հետևաբար, նույն սկզբունքով, եթե Հայաստանի իշխանությունները չեն հերքում ալիևյան պնդումները, ուրեմն դրանք հիմնավորված են։ Փաշինյանը ոչ միայն չի հերքում, այլև իր ելույթում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ինքն ընդունում է այն միֆը, թե Ադրբեջանը դարավոր պատմություն ունեցող պետություն է՝ հայտարարելով, թե «անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չի եղել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»։
Գուցե Փաշինյանի հիշողությունը դավաճանում է նրան, բայց բոլոր պատմական աղբյուրները (եթե դրանք չեն ենթարկվել ադրբեջանական զեղծարար քաղաքականության ազդեցությանը) հստակ տեղեկացնում են, որ ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին՝ Անդրկովկասի սեյմի փլուզման հետևանքով, և Հարավային Կովկասում հայերի հարևանությամբ չէր կարող դարերով ադրբեջանցի բնակվել։ Երկու ժողովուրդները չեն կարող դարերով հարևանություն արած լինել։
Փաշինյանի նման բովանդակությամբ հայտարարություններն ավելի են ամրապնդում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթները, որպես որ ադրբեջանցիները համարում են Հայաստանի ներկայիս տարածքը։ Դե, եթե Փաշինյանն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները դարերով բնակվել են այս տարածքում, ուրեմն ի՞նչն է խանգարում Ադրբեջանին իր այդ պնդումներն առաջ տանելու և ի վերջո նաև Հայաստանը զավթելու համար, մանավանդ որ մենք տեսնում ենք՝ նրա անհագուրդ ախորժակը ոչ մի կերպ չի բավարարվում։
Թագուհի Ասլանյան

Русский