Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կփոխվի՞ ջրային ռեսուրսների օգտագործման մոտեցումը. կառավարությունը նոր մեթոդաբանություն է սահմանում

Blog Image

Կառավարությունը նախատեսում է սահմանել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման միասնական մեթոդաբանություն։ Համապատասխան նախագիծը ներառված է գործադիրի առաջիկա նիստի օրակարգում։

Նախագծի մշակման հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքը։

Ներկայում գործող կարգավորումների համաձայն՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) ջրօգտագործման թույլտվությունները մերժվում էին նաև այն դեպքերում, երբ դրանց կառուցումը նախատեսվում էր այն գետերի վրա, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով հասնում էր 40 տոկոսի և ավելի։ Այս սահմանափակումը կիրառվում էր՝ հաշվի առնելով արդեն գործող ՓՀԷԿ-երի գործունեությամբ պայմանավորված բնապահպանական խնդիրները, ինչպես նաև ոլորտի արագ զարգացումը։

Սակայն մինչ այժմ ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության գնահատման միասնական, հաստատված մեթոդաբանություն չի եղել։ Գնահատումն իրականացվել է տեխնիկական հաշվարկների հիման վրա՝ փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիոն հատվածների ընդհանուր երկարության և գետի երկարության հարաբերակցությամբ։

Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է հստակ մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ գնահատել ջրային ռեսուրսների վրա ճնշումը։ Ըստ նախագծի՝ նոր ցուցանիշը կարտացոլի ջրօգտագործման ազդեցությունը վերականգնվող ջրային պաշարների վրա և կօգնի ապահովել առաջարկի և պահանջարկի հավասարակշռված կառավարում։

Բացի այդ, մեթոդաբանությունը կծառայի որպես գործիք՝ գնահատելու ջրային ռեսուրսների վիճակն ու օգտագործման մակարդակը՝ ըստ տարբեր ոլորտների։ Կառավարությունում ակնկալում են, որ այս մոտեցումը կնպաստի ջրային ռեսուրսների ավելի կայուն և արդյունավետ կառավարմանը:

Մարիաննա Արամյան

Send