2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների չորս հիմնական մեղադրյալների դատավարությունը կսկսվի 2028 թվականի ամռանը, հաղորդել է «New York Post»-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մայքլ Շրամին, որը ռազմական դատավոր է։
Խալիդ Շեյխ Մոհամմեդը, որին ԱՄՆ իշխանությունները համարում են հարձակումների կազմակերպիչը, և նրա երեք ենթադրյալ հանցակիցները՝ Վալիդ բին Աթթաշը, Մուստաֆա ալ-Հավսաուն և Ամմար ալ-Բալուչին, կկանգնեն դատարանի առջև 2028 թվականի հունիսի 5-ին։
Շրամը մերժել է դատախազների՝ ՝ դատավարությունը 2027 թվականի հունվարին նշանակելու խնդրանքը։ Նրանք պատճառաբանել են մի քանի նախնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը։ NYP-ն հաղորդել է, որ բոլոր չորս կասկածյալները պահվում են Գուանտանամոյի ծոցում 2003 թվականից, և դատավարությունը հետաձգվել է իրավական վեճերի պատճառով, այդ թվում՝ խոշտանգումների միջոցով ստացված խոստովանությունների ընդունելիության վերաբերյալ։
Գործը գրեթե ավարտվել է 2024 թվականին, երբ Մոհամմեդը և նրա հանցակիցները մեղքի ընդունման համաձայնագիր են կնքել այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ՝ մահապատժի փոխարեն ցմահ բանտարկության դիմաց։ Սակայն, հանրային վրդովմունքի ֆոնին, պաշտոնյաները փորձել են չեղարկել համաձայնագիրը, և Պենտագոնի ղեկավարը չեղարկել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների երեք մեղադրյալների հետ կնքված մեղքի խոստովանության համաձայնագրերը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 մահապարտ ահաբեկիչներ Միացյալ Նահանգներում առևանգել էին չորս ուղևորատար ինքնաթիռ։ Օդանավերից երկուսը բախվել էին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերին։ Երրորդը բախվել էր Պենտագոնին, իսկ չորրորդը վթարի էր ենթարկվել Փենսիլվանիա նահանգի Շանկսվիլ քաղաքի մոտ։ Զոհվել էր 2977 մարդ, ևս 24-ը անհետ կորած են համարվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Քաիդայի» բջիջներից մեկը։
Հարձակման ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդը 2003 թվականին գերի էր վերցվել Պակիստանում և պահվել Կենտրոնական հետախուզական վարչության կալանքի ներքո նախքան Գուանտանամո ուղարկվելը։ Սենատի հանձնաժողովի 2014 թվականի զեկույցի համաձայն՝ Մոհամմեդը իր հետաքննության սկզբնական փուլերում 183 անգամ ենթարկվել է ջրային տանջանքի։

Русский