Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գրենլանդիայի խորհրդարանական կուսակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Թրամփի տարածքային պահանջների

Blog Image

Գրենլանդիայի խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական կուսակցությունների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջարկել է ուժ կիրառել դանիական ինքնավար տարածքը գրավելու համար, հաղորդել է AFP-ն։

Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ կղզու ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները. «Մենք չենք ուզում ամերիկացիներ լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացիներ լինել»։

Հայտարարությունը հնչել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թրամփը Սպիտակ տանը նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կրկին պնդել է, որ ԱՄՆ-ն պետք է վերահսկողություն ձեռք բերի Գրենլանդիայի նկատմամբ։

Թրամփն ասել է, որ եթե ԱՄՆ-ն դա չանի, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն կղզին, և որ Վաշինգտոնը մտադրություն չունի լինել նրանց հարևանը։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի տարածքին, այլ ոչ թե վարձակալի այն, չնայած ամերիկյան զորքերը արդեն իսկ ներկա են կղզում՝ համաձայն 1951 թվականի պայմանագրի։ Գրենլանդիան ունի 57,000 բնակչություն։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ կղզու ներխուժումը կխաթարի ՆԱՏՕ-ի պաշտպանական պակտը և հետպատերազմյան անվտանգության համակարգը: Այս շաբաթ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Դանիան համատեղ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ Գրենլանդիայի և Դանիայի միջև հարաբերությունները միայն իրենց լուծելու հարցն են: Թրամփն ի պատասխան հայտարարել է, որ ինքը «Դանիայի երկրպագու» է, բայց 500 տարի առաջ կղզի դանիական նավի ժամանումը դեռ չի նշանակում, որ դա նրանց սեփականությունն է:

Հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետք է հանդիպի Դանիայի արտաքին գործերի նախարարի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն արդեն քննարկել է Արկտիկայի անվտանգության ամրապնդումը Ռուբիոյի հետ: Դաշինքը փորձում է Վաշինգտոնի ուշադրությունը կղզու նկատմամբ իր պահանջներից տեղափոխել տարածաշրջանում համատեղ ջանքերի վրա: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկեւիչը հայտարարել է, որ դաշինքը հեռու է ճգնաժամի մեջ լինելուց, չնայած Դանիայի վարչապետի՝ ՆԱՏՕ-ի համար ամերիկյան ներխուժման հնարավոր հետևանքների մասին նախազգուշացումներին:

Send