Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպմանը բարձրացրել է Իրանին հարվածելու հնարավոր «երկրորդ փուլի» հարցը․ Axios

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Իրանին կրկին հարվածելու հնարավորությունը 2026 թվականին, գրել է «Axios»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և հանդիպման մանրամասներին ծանոթ երկու այլ ամերիկյան աղբյուրների։

Թրամփը և Նեթանյահուն հունիսին Իրանի դեմ 12-օրյա պատերազմը գնահատել են հսկայական հաջողություն։ Սակայն Նեթանյահուն պնդել է, որ ավելի շատ հարվածներ կարող են անհրաժեշտ լինել՝ Թեհրանի կարողությունների վերականգնումը կանխելու համար։

Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի վերականգնել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն այն կրկին կոչնչացնի։ Նա նաև ասել է, որ կնախընտրեր Թեհրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել։

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Թրամփը, հավանաբար, կաջակցի «երկրորդ փուլին», եթե ԱՄՆ-ն տեսնի, որ Իրանը իրական և ստուգելի քայլեր է ձեռնարկում իր միջուկային ծրագիրը վերականգնելու համար, սակայն «լարվածությունը կլինի այն հարցում, թե ինչ է նշանակում վերականգնումը»։

Հանդիպման ընթացքում Նեթանյահուն քննարկել է Իրանի միջուկային ծրագրի վիճակը վեց ամիս անց և Թրամփին ներկայացրել է Իսրայելի մտահոգությունները հրթիռային ծրագրի վերաբերյալ, հայտնել են աղբյուրները։

Նեթանյահուն նաև բարձրացրել է «Հըզբոլլահ»-ի՝ իր հեռահար հրթիռների զինանոցը Լիբանանում վերականգնելու ջանքերը։

ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ Թրամփը և Նեթանյահուն չեն համաձայնեցրել որևէ կոնկրետ ժամանակացույց, շեմ կամ ապագա ռազմական գործողությունների վերաբերյալ մանրամասն պայմանավորվածություն։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Սպիտակ տունը Axios-ին ասել է հղում կատարել Թրամփի հրապարակային հայտարարություններին։

Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է անցնել Գազայի հրադադարի համաձայնագրի «երկրորդ փուլին»։

Իր հերթին, Թրամփը Նեթանյահուին խոստացել է, որ եթե «Համաս»-ը չկատարի համաձայնագիրը և չսկսի զինաթափվել, նա թույլ կտա Իսրայելին ռազմական գործողություններ ձեռնարկել խմբավորման դեմ, ասել են պաշտոնյաները։

«Նեթանյահուն հանդիպման ժամանակ շատ կասկածամիտ էր Գազայի հարցում, բայց նա մեզ հնարավորություն տվեց անցնել հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Send