Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ռեժիմով ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում իր երազած խաղաղությունը, հայերի և ադրբեջանցիների միջև ինչ համակեցության պայմաններով ու Հայաստանի կարգավիճակով՝ սկսած տարածքային ամբողջականությունից մինչև հայ ժողովրդի անվտանգությունը։
Մեկ անգամ ևս Փաշինյանը անգիր արած դասի նման կրկնել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի տարածքն իրավական փաստաթղթերում ամրագրվելու է 29 հազար 743 քառակուսի կիլոմետր՝ ոչ մի միլիմետր ավելի։
Սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ նրա, պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որ ՀՀ տարածքը տեղավորվի այդքան քառակուսի կիլոմետրերի մեջ։ Եվ այդ հաշվարկներում, նրա ներկայացմամբ, այլևս չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ․
«Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ներկայացրել է Փաշինյանը։
Նա նաև խոսել է երկու պետությունների միջև հատվող ճանապարհների ապաշրջափակման մասին և ոչ միայն «ԹՐԻՓ»-ի շրջանակում, այլ ընդհանրապես շփման բոլոր հատվածներում այնպես, որ ադրբեջանցին կարողանա Հայաստանի տարածքով անցնել Ադրբեջան, իսկ հայաստանցին Ադրբեջանի տարածքով կարողանա հանգիստ անցնել դեպի Հայաստանի մյուս տարածքներ։
Փաշինյանի պատկերացմամբ՝ խաղաղության վերջնական հաստատման դեպքում այլևս ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմից տարածքային պահանջներ չպետք է հնչեն՝ «ներառյալ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»։ Ըստ Փաշինյանի՝ նման խաղաղություն հաստատելու համար ամենակարևորն Ադրբեջանի տրամադրվածությունն է, քանի որ Հայաստանի իշխանություններն հենց հիմա էլ պատրաստ են այսպիսի պայմաններով խաղաղության հաստատման փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դնել, ինչպես հայտարարել են բազմիցս։
Փաշինյանի կարծիքով՝ դատելով Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքներից, Ադրբեջանի ղեկավարը ևս պատրաստ է «խաղաղությանն այդպիսի տեսք տալ»։ Համենայն դեպս, նա նախնական այդպիսի տպավորություն է ստացել, որ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա, ուստի առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունն իրագործելով։
Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն, անդրադառնալով Փաշինյանի այս լավատեսական կանխատեսումներին, հիշեցնում է, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանը, հանդիպելով Ալիևի հետ, տպավորություն էր ստացել, որ նա կիրթ և կառուցողական մարդ է, սակայն հետագայում տեսանք, թե այդ բնորոշումներն ինչպես դրսևորվեցին՝ ունեցանք արյունալի պատերազմ, հինգ հազարին մոտ զոհեր, տարածքային կորուստներ։
«Հիմա Փաշինյանը տպավորություն է ստացել, թե Ալիևը որևէ պահանջ չի ներկայացնելու Հայաստանին իր պատկերացումներից դուրս, բայց Ադրբեջանում պետական մակարդակով ակտիվորեն գեներացվում է «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը, որի իրականացման ուղղությամբ նաև գործնական քայլեր են արվում։ Դա նշանակում է, որ Ալիևն իր պահանջներից հետ չի կանգնելու. այս պահին պատերազմը պարզապես թևակոխել է փափուկ պատերազմի փուլ։ Ալիևը ձգտում է իր ուզածը ստանալ ոչ թե զրահատանկերով ու սպառազինությամբ, այլ մեքենաներով, ինչի մասին հայտարարել էր պատերազմից հետո՝ ասելով, թե Արցախը վերցրեցինք տանկերով, Հայաստանը կվերցնենք պարզապես մեքենաներով մտնելով այնտեղ»,- MediaHub-ին ասաց վերլուծաբանը։
Փաշինյանն իր խաղաղության տեսլականում անընդհատ հղում է կատարում Ալմա-Աթայի հռչակագրին, որը, Կարեն Կարապետյանի ներկայացմամբ, ընդամենը դեկլարատիվ հայտարարություն է ԱՊՀ երկրների ստեղծման մասին, և այն որևէ իրավական ազդեցություն երբևէ չի ունեցել հետխորհրդային որևէ պետության վրա։ Բայց Փաշինյանն ու Ալիևն այդ հռչակագիրը դրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, որովհետև դա ամբողջովին բխում է Ադրբեջանի շահերից։
Խոսելով անկլավների թեմայից՝ քաղաքական վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում Փաշինյանն Ադրբեջանին ոչ միայն այսպես կոչված անկլավներն է հանձնելու, այլ նաև այլ բնակավայրեր ու ենթակառուցվածքներ Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Եվ Փաշինյանի պնդումը, թե խաղաղության պայմանագրի հաստատումից հետո այլևս անկլավներ և էքսկլավներ չեն լինելու, վկայում է, որ Տիգրանաշենը և մյուս անկլավ կոչվող տարածքները Ադրբեջանին է տալու որպես ամբողջական ադրբեջանական տարածք՝ Հայաստանի սահմանից դուրս ու որևէ ձևով Հայաստանի հետ առնչություն չունեցող։
Այնինչ Արծվաշենի վերադարձը Կարեն Կարապետյանն անհնարին է համարում։
«Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Արծվաշենը և Տիգրանաշենը ռազմավարական նշանակություններով համարժեք չեն. իհարկե, ամեն հայ մարդ ուրախ կլինի, որ Արծվաշենը վերադարձվի Հայաստանին։ Բայց ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց՝ Տիգրանաշենը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն ուղիղ մխրճվելու է Արարատի մարզ և ամբողջովին վերահսկողություն է սահմանելու Հայաստանի նկատմամբ նաև այս ուղղությամբ։ Արդեն ունի վերահսկողություն Տավուշի հատվածում, Վայոց Ձորի հատվածում, Ջերմուկի տարածքում, որն օկուպացրեց, և այն ամրաշինական աշխատանքները, որոնք իրականացվել են այնտեղ, չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է դուրս գալ Ջերմուկի տարածքից»,- նշում է վերլուծաբանը։
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներում այդ տարածքները Փաշինյանը ևս ադրբեջանական է հռչակելու և հանձնի Ադրբեջանին՝ ինչպես եղավ Կիրանցում։ Նա ասում էր, որ Հայաստանից ոչ մի տարածք չի հանձնելու Ադրբեջանին, բայց արդյունքում նախ այդ տարածքները հռչակեցին ադրբեջանական և տվեցին նրանց։ Նույնը տեղի է ունենալու Վայոց Ձորում, Սյունիքում, Արարատում։ Այսինքն՝ Ադրբեջանը գրավում է ռազմավարական բոլոր բարձունքները, և Հայաստանը հայտնվում է աքցանի մեջ՝ շրջապատված թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությամբ։ Այսպես հայտնում է վերլուծաբանը՝ նաև ասելով, որ Արծվաշենը որքան էլ լինի մեր հայրենիքի մի մասը, անգամ եթե այն վերադարձվի Հայաստանին, լինելու է մի կղզյակ՝ շրջապատված ադրբեջանական բնակավայրերով։ Եվ հարցականի տակ է, թե ինչպես է լուծվելու այնտեղի հայերի անվտանգության հարցը, ո՞վ է գնալու այնտեղ բնակվելու։
Փաշինյանն ամեն պատեհ-անպատեհ առիթով նշում է, թե ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, և հենց այդ սահմաններում է մեր պետությունը ճանաչվելու խաղաղության պայմանագիրը ստորագրելուց ու սահմանագծման աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո։ Հայաստանի իշխանությունները նաև ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը և Հայաստանի այն տարածքները, որոնք Փաշինյանի պատկերացմամբ ադրբեջանական են։
Այնինչ, Կարեն Կարապետյանի դիտարկմամբ, Ալիևը երբեք որևէ քառակուսի կիլոմետրի մասին չի խոսել, որով ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի խոսում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և իր պետության տարածքը չի սահմանափակում որոշակի թվերի մեջ։ Դա տագնապի պետք է կոչի, քանի որ մեզ համար հստակ չէ, թե մեր հակառակորդ պետության ղեկավարն ինչ սահմաններում է պատկերացնում Հայաստանի տարածքը, արդյո՞ք այդ տարածքի հանդեպ այլ նկրտումներ չունի, եթե չի խոսում Փաշինյանի նշած թվերով։
«Ալիևի շուրթերից երբեք չի հնչել Արծվաշենի անունը, և նա չի հայտնել իր պատրաստականությունը այդ բնակավայրը Հայաստանին հանձնելու համար, երբեք չի ասել, թե Արծվաշենը հայկական տարածք է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար՝ մենք չգիտենք, թե Ալիևն ընդհանրապես ինչ պատկերացումներ ունի Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, հաշվի նստելո՞ւ է Փաշինյանի ներկայացրած թվերի հետ։ Փաշինյանն իր ցանկությունները փորձում է պրոյեկտել Ալիևի վրա և հայ հասարակությանը համոզել, թե Ալիևը ևս այդպես է մտածում, սակայն Փաշինյանը սխալվում է իր պատկերացումներում, և վտանգը մեծ է, որ մենք կհանձնենք այն ամենը, ինչ ցանկանում է Ադրբեջանը, և դիմացը կստանանք պայմանական պատ, ինչպես ստացանք Կիրանցում»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ համաշխարհային պատմության մեջ չկա նման դեպք, որ պարտված, կապիտուլյացիայի ենթարկված ու նսեմացված իշխանությունը հավասարը հավասարի հետ բանակցությունների նստի հաղթած կողմի հետ և թելադրի իր պայմանները։
Փաշինյանն իր այսօր վարվող քաղաքականությամբ հերթական զիջումներն է անելու Ադրբեջանին, իսկ փոխարենը ոչինչ չի ստանալու։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանն ու «ԹՐԻՓ» նախագծին, ապա, Կարեն Կարապետյանի ներկայացմամբ, այդ գործընթացը ևս իրականացվում է առանց հայերի համար անվտանգության երաշիքների ապահովման։
«ԹՐԻՓ-ի անվտանգությունն արտապատվիրակված է երրորդ կողմին. այդ ճանապարհով երթևեկության անվտանգությունը պետք է երրորդ կողմն ապահովի։ Եթե ադրբեջանցիները ԹՐԻՓ-ով գնան Նախիջևան, ապա նրանց անվտանգությունն ապահովված կլինի երրորդ կողմից, հայկական կողմն այդ առումով որևէ գործառույթ չի ունենալու։ Իսկ Ադրբեջանն իր տարածքները երրորդ կողմին չի արտապատվիրակել, հետևաբար, եթե մի հայ որոշի Մեղրիից Նախիջևանով գալ Երևան, նրա ճակատագիրն անհայտ է լինելու։ Նախիջևանի տարածքում ո՞վ է ապահովելու նրա անվտանգությունն այնտեղ, նա կարո՞ղ է գնացքից Նախիջևանում իջնել, մտնել մոտակա խանութ ու մի բան գնել։ Չկա նման երաշխիք, և Ադրբեջանը չի էլ տվել նման երաշխիք։ Ադրբեջանը երբևէ չի ասել, թե հայերը կարող են իմ տարածքով ազատ ու հանգիստ տեղաշարժվել, այդ մասին խոսում է միայն Փաշինյանը։ Իսկ Ալիևը թույլ չի տալիս անգամ, որ արցախահայերը վերադառնան իրենց բնօրրան, Արցախից արմատախիլ է անում հայկական հետքը, ոչնչացնում պատմամշակութային արժեքները, եկեղեցիները, գերեզմանները, այն ամենը, ինչը կարող է հուշել, որ այդտեղ երբևէ հայեր են ապրել»,- ասում է վերլուծաբանը՝ եզրափակելով, որ նման քաղաքականություն վարողից անհնար է անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ և տևական խաղաղություն ակնկալել։
Թագուհի Ասլանյան

Русский