Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է սրվել՝ Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ֆոնին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ Ըստ հայտարարությունների՝ հարվածների թիրախում են եղել Թել Ավիվը և Երուսաղեմը։
Միաժամանակ իրանական ուժերը հայտնել են, որ հարվածներ են հասցվել նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի։ Նրա խոսքով՝ Իրանի ռազմական ներուժը լրջորեն վնասված է։ Թրամփի խոսքով՝ նրանք ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունները, օդային պաշտպանությունը և որ ամենակարևորն է, նրանց առաջնորդները գրեթե բոլոր մակարդակներում վերացվել են, և այլևս երբեք չեն սպառնա ԱՄՆ-ին ու աշխարհին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի հարվածներ հասցնել այն երկրների տարածքներին, որոնք ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավորություն են տվել իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Անդրադառնալով Ալի Լարիջանիի մահվանը, Արաղչին հայտնել է, որ Իրանի քաղաքական համակարգը կայուն է և կախված չէ կոնկրետ անհատներից։
Տարածաշրջանային զարգացումներին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանը տանում են դեպի աղետ։ Դիվանագիտական ակտիվ քննարկումներ են ընթանում նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կողմերը կարևորել են ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցումը և հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել, իսկ տարածաշրջանային և միջազգային դերակատարները փորձում են դիվանագիտական ուղիներով կանխել իրավիճակի հետագա սրումը։
Ալիտա Եղիազարյան

Русский