Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց միջուկային էներգիայի երկրորդ գագաթաժողովը, որին ներկա են նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրանց թվում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է, որն էլ, ըստ ՏԿԵ նախարարության հաղորդագրության, երեկ հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»: Ի դեպ, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև այսպիսի բովանդակությամբ քննարկումները սկսվել են դեռ նախորդ տարվա հունիսին Ստամբուլում կայացած հանդիպմանը տրանսպորտային կապերի գլոբալ ֆորումի ժամանակ։
Ինչ հնարավոր փոխգործակցություն կամ համագործակցություն կարող է լինել Հայաստանը շրջափակման մեջ պահող և մեր պետության պոտենցիալ հակառակորդ Ադրբեջանի հովանավոր պետության հետ, որը հայ ժողովրդի հանդեպ մեծագույն ոճրագործության հեղինակն ու իրագործողն ու այդ իրողությունն ուրացողն է։ Ճիշտ է, մեր այսօրվա իշխանությունները ևս, փակելով հայ ժողովրդի անցյալի, պահանջատիրության էջը, Թուրքիայի հետ եղբայրական ջերմ հարաբերությունների շոու են բեմադրում, և հիմա էլ անցել են սահմանների բացման, ադրբեջանաթուրքական էներգետիկ համակարգերի միավորման արարին։ Մինչև Ստամբուլում, հետո Փարիզում այդ հարցի վերաբերյալ քննարկման հարթակ ստեղծելը, Փաշինյանը մի քանի անգամ մեզ տեղեկացրել, իսկ գուցե նաև զգուշացրել է, որ Հայաստանը պետք է սերտ կապերով ամրապնդվի ադրբեջանական և թուրքական էներգետիկ համակարգերում։
«Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին»,- այս տարեսկզբին լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել կառավարության ղեկավարը։ Ազգային ժողովում էլ նա հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն էլեկտրաէներգիայի ավելցուկ, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու համար․ «Ինչում կարող է այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի շահագրգռությունը լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերն օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե, իրենք շահագրգռված են Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու հարցում»։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի էներգետիկ համակարգը միացած է Իրանին ու Վրաստանին, ու ճիշտ կլինի, որ միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ նրա գնահատմամբ՝ դա մեծացնելու է արտահանման մեր հնարավորությունները։
MediaHub-ն այս թեմայով պարզաբանում խնդրեց միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից։ Նրա տեղեկացմամբ՝ դեռ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը էլեկտրաէներգիա էր մատակարարում Թուրքիային, այսօր էլ այդ կոմունիկացիան՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության ցանցը գոյություն ունի, սակայն վաղուց չի գործում։ Բայց այն կարելի է վերագործարկել՝ վերանորոգելուց, արդիականացնելուց հետո։ Փորձագետը չի բացառում, որ տեսականորեն Հայաստանից Թուրքիա էլեկտրամատակարարումը հնարավոր է վերականգնել։ Բայց վերջին զարգացումներից ու իշխանությունների քայլերից դատելով՝ կարելի է հասկանալ, որ Հայաստանն է ցանկանում էլեկտրաէներգիա ներմուծել Թուրքիայից։
«Թուրքիան վաղուց էր Հայաստանից պահանջում փակել Մեծամորի ատոմակայանը, և թվում է՝ այսօրվա իշխանությունների ժամանակ Թուրքիան կարող է հասնել իր վաղեմի պահանջի իրագործմանը։ Ի դեպ, դա ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի, անգամ Եվրամիության պահանջն է՝ յուրաքանչյուրն իր անձնական շահագրգռություններից ելնելով։ Իսկ ատոմակայանը մեր ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության 35-40 տոկոսն է ապահովում։ Փակման դեպքում Հայաստանը կդառնա էներգոդեֆիցիտ երկիր։ Հետևաբար այս իշխանությունները խաղարկում են Թուրքիայից և Ադրբեջանից այդ դեֆիցիտը համալրելու գաղափարը»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Իհարկե, պաշտոնական Երևանը դեռևս չի խոսում ատոմակայանը փակելու մտադրության մասին՝ հասկանալով, թե դա հանրային ինչպիսի ընդվզում կառաջացնի, բայց տեսնելով, որ իշխանությունները շարժվում են բացառապես նշած երկու պետությունների պահանջով, կարելի է գլխի ընկնել, թե ինչպիսին կլինի առաջարկվող համագործակցությունը․ «Թուրքիան ասում է՝ փակիր ատոմակայանը, ես քեզ կապահովեմ անհրաժեշտ էլեկտրաէներգիայով։ Եթե ամեն ինչ ըստ կանխատեսումների ընթանա, Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից և Թուրքիայից։ Էներգետիկ և ազգային անվտանգության առումով սա մեզ համար բավականին վտանգավոր գործընթաց է»։
Թագուհի Ասլանյան

Русский