Ազգային ժողովում քննարկվում է նախագիծ, ըստ որի՝ ՀՀ-ից մեկ տարվա ընթացքում 183 օր անընդմեջ բացակայած քաղաքացիները չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշեց, որ նախատեսվում են նաև բացառություններ այն դեպքերի համար, երբ քաղաքացու բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության շրջանակում արտերկրում ծառայություն իրականացնելու կամ արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու հանգամանքով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով առաջարկվող նախագծին, ասաց, որ այն չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներին և մարդու իրավունքների կոպիտ խախտում է։
«Իհարկե, սա խախտում է և կոպիտ միջամտություն՝ մարդու ազատ տեղաշարժի, երկրից բացակայելու իրավունքների նկատմամբ։ Ես շատ քիչ երկրներ գիտեմ, որտեղ նման սահմանափակումներ կան։ Մարդիկ, իրենց աշխատանքով, առողջական խնդիրներով կամ ուսմամբ պայմանավորված, իրավունք ունեն երկրից բացակայելու։ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների հետ համեմատելն աբսուրդ է և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է վիճարկվի Սահմանադրական դատարանում»,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով նախաձեռնության հնարավոր նպատակներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք գտնվում են երկրից դուրս և հիմնականում դեմ են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, հայտնվել են այս նախաձեռնության թիրախում։ Փորձ է արվում ազդել նրանց կամարտահայտության իրավունքի վրա և զրկել նրանց ընտրական իրավունքից»։
Ալիտա Եղիազարյան

Русский