Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը և Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը մասնակցել են Հարավային Կովկասում խաղաղությանը նվիրված քննարկման, որը տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի շրջանակում։
Երեկ իր ելույթում Քըլըչը նշել է, որ դիվանագիտական ծառայության 40-ամյա փորձն ու տարածաշրջանի խորքային իմացությունը իրեն տրամադրում են որոշակի զգուշավորության արտաքին միջամտությունների նկատմամբ։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին «քաղաքական խոչընդոտ չկա», և առկա են միայն տեխնիկական խնդիրներ։
Քըլըչը նաև ընդգծել է, որ գործընթացի մեկնարկից ի վեր իր առաջարկները միտված չեն եղել միայն Թուրքիայի շահերին, այլ նաև՝ հայ ժողովրդի բարեկեցությանը։
Սակայն քաղաքագետ Հակոբ Բադալյանը այս գնահատականներին վերաբերում է քննադատաբար։ MediaHub-ի հետ զրույցում նա նշել է, որ Քըլըչի այցը, թեև տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության շրջանակում, էական փոփոխություն չի բերել հայ-թուրքական կարգավորման գործընթացում։
«Երևանում ստորագրված Անիի կամրջի համատեղ վերանորոգման համաձայնագիրը ավելի շուտ փորձ է փրկելու վերջին տարիներին փաստացի անարդյունք մնացած գործընթացը և ցույց տալու, թե որոշակի տեղաշարժ կա»,- ասաց Բադալյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ հայ-թուրքական կարգավորումը՝ որպես ինքնուրույն քաղաքական գործընթաց, այլևս գոյություն չունի և ամբողջությամբ կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների առաջընթացը բացահայտորեն կապում է Բաքվի շահերի հետ։
Անդրադառնալով Քըլըչի «տեխնիկական խնդիրներ» ձևակերպմանը՝ Բադալյանը նշել է, որ դրանք դիվանագիտական ձևակերպումներ են, մինչդեռ իրական խոչընդոտը քաղաքական է։ «Թուրքիան չի ստացել այն, ինչ ակնկալում է ոչ միայն Հայաստանից, այլ նաև ավելի լայն աշխարհաքաղաքական շրջանակից, ուստի սահմանը փակ է մնում»,- ընդգծեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, նա չի հերքում, որ Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է։ Սակայն, նրա խոսքով, որևէ պետություն չի առաջնորդվում այլ երկրի շահերով։ «Թուրքիան, ինչպես ցանկացած այլ պետություն, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով։ Հարցն այն է, թե որքան արդյունավետ է Հայաստանը պաշտպանում իր շահերը այս գործընթացում։ Քըլըչի այս հայտարարությունը միտված է հայ ժողովրդի այն հատվածին, որը կարող է դյուրահավատորեն համարել, թե Թուրքիան քայլեր կանի՝ ելնելով Հայաստանի շահերից։ Սակայն Թուրքիան, բնականաբար, պաշտպանելու է իր շահերը, և այստեղ գլխավոր հարցը Հայաստանի համար այն է, թե որքանով է կառավարությունը պաշտպանում պետական շահերը և որքանով է կարողանում դիվանագիտական արդյունավետությամբ դրանք առաջ մղել՝ թե Թուրքիայի հետ հարաբերություններում, թե ընդհանրապես։ Հատկապես երբ տեսնում ենք, որ գործընթացը հաճախ ընթանում է հակառակ տրամաբանությամբ, և Հայաստանը ավելի շատ զիջումների է գնում»,- նշեց Բադալյանը։
Մյուս կողմից, Ռուբեն Ռուբինյանը համաժողովում ընդգծել է տարածաշրջանային նոր իրողությունը՝ նշելով, որ այսօր հայերը, թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները նստած են նույն սեղանի շուրջ, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է կառուցողական գործընթացի մասին։ Սակայն Բադալյանը հիշեցնում է, որ նման շփումներ նախկինում ևս եղել են, մասնավորապես՝ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանում, որոնք, ըստ նրա, շոշափելի արդյունքներ չեն տվել։
«Այսօրվա ակտիվ շփումները պայմանավորված են ոչ թե հավասարակշռված գործընթացով, այլ այն հանգամանքով, որ Հայաստանը թուլացած դիրքում է, ինչը հնարավորություն է տալիս Թուրքիային առաջ մղել իր շահերը»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։
Ալիտա Եղիազարյան

Русский