Բրիտանական թագավորական ընտանիքը հրապարակել է ֆինանսական տեղեկատվություն, որը բացահայտում է, որ Չարլզ թագավորը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, չեն տեղափոխվի Բուքինգհեմյան պալատ բրիտանական միապետի նստավայրի վերանորոգման ավարտից հետո։
369 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։
Բուքինգհեմյան պալատը, որը 1837 թվականից ի վեր թագավորական նստավայրն է, կշարունակի ծառայել որպես բրիտանական միապետության վարչական կենտրոն, սակայն Չարլզի պաշտոնական նստավայրը կմնա մոտակա Քլարենս Հաուսը։
Որոշումը կայացվել է Բուքինգհեմյան պալատ հանրության մուտքը հեշտացնելու համար։
Պատմական համալիրի վերանորոգումն այժմ տասներորդ տարում է և նախատեսվում է ավարտել մարտ ամսին։
Այլ աշխատանքների շարքում, այս աշխատանքը ներառում է էլեկտրական լարերի, ջրատար խողովակների և կաթսաների փոխարինում։ Այս սարքավորումների մի մասը գրեթե 60 տարեկան է, ինչը հրդեհի կամ ջրհեղեղի վտանգ է ներկայացնում։
Չարլզ թագավորը և Կամիլա թագուհի են բնակվում Քլարենս Հաուսում (պատմական Սուրբ Ջեյմսի պալատի մոտ է) 2005 թվականից՝ ամուսնանալուց ի վեր: Քլարենս Հաուսը Եղիսաբեթ II թագուհու մոր տունն է եղել։
Ըստ տեղեկությունների՝ այժմ 70-ն անց թագուհին ու թագավորը չեն ցանկացել բախվել Բուքինգհեմյան պալատ տեղափոխվելու և իրենց բոլոր աշխատակիցներին այնտեղ տեղափոխելու անհարմարությանը։
Ավելին, կան մտահոգություններ, որ եթե Բուքինգհեմյան պալատը դառնա թագավորի պաշտոնական նստավայրը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ այնտեղ այցելելու թույլատրված մարդկանց թիվը պետք է կրճատվի: Հանրության համար կարող են հասանելի լինել նաև ավելի քիչ սենյակներ։
Այնուամենայնիվ, եթե թագավորը այլևս չբնակվի Բուքինգհեմյան պալատում, համալիրը այցելուների համար բաց կլինի ավելի երկար ժամանակահատվածով, ինչը կնպաստի տոմսերի վաճառքից ավելի շատ եկամուտ ստանալուն: Ներկայումս պալատի պետական սենյակները բաց են հանրության համար ամեն ամառ, ինչպես նաև տարվա որոշակի օրերին։
Վերանորոգման ավարտից հետո թագավորը Բուքինգհեմյան պալատում կանցկացնի մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ պետական խնջույքներ, ընդունելություններ և ավանդական հանդիպումներ բրիտանացի վարչապետների և նոր դեսպանների հետ։
«Նորին Մեծությունը մեծ համակրանք ունի Բուքինգհեմյան պալատի նկատմամբ և խորը հարգանք ունի դրա դերի նկատմամբ թագավորական և հասարակական կյանքում», - հայտարարել է պալատի խոսնակը։

Русский