ԱՄՆ-ում բնակվող 68-ամյա կնոջ մաշկը սկսել է բառացիորեն սևանալ աչքի առաջ։ Սկզբում կապտասև բծեր են հայտնվել ոտքերին, որոնք նման են եղել հսկայական կապտուկների, իսկ հետո տարօրինակ պիգմենտացիան տարածվել է ձեռքերի և նույնիսկ լեզվի վրա:
Այս ամենը սկսվել է նոր դեղամիջոցի նշանակումից ընդամենը երկու շաբաթ անց: Այս արտասովոր դեպքի պատմությունը հրապարակել է The New England Journal of Medicine ամսագիրը:
Կինը ընդունել է մինոցիկլին հակաբիոտիկը՝ դեղամիջոց, որը հաճախ նշանակվում է ռոզացեայի՝ դեմքի մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդության ժամանակ:
Բժիշկները պացիենտի մոտ հայտնաբերել են դեղորայքային հիպերպիգմենտացիայի հազվադեպ տեսակ։ Ձեռքերի և ոտքերի մաշկը սկսել է ստանալ կապտամոխրագույն և գրեթե սև երանգ:
Մասնագետներին հատկապես զարմացրել է ռեակցիայի զարգացման արագությունը. սովորաբար նման փոփոխություններն ի հայտ են գալիս ամիսներ տևած բուժումից հետո, այլ ոչ թե մի քանի շաբաթ անց:
Բժիշկների խոսքով՝ մինոցիկլինն ընդունակ է օրգանիզմում առաջացնել մուգ պիգմենտային միացություններ, որոնք աստիճանաբար կուտակվում են մաշկի մեջ: Ենթադրվում է, որ հակաբիոտիկի քայքայման արգասիքները կապվում են երկաթի և մելանինի (մաշկի գույնի համար պատասխանատու պիգմենտի) հետ: Արդյունքում հյուսվածքները բառացիորեն սկսում են սևանալ ներսից:
Բժիշկներն անմիջապես դադարեցրել են դեղամիջոցի ընդունումը և կնոջը խորհուրդ տվել խուսափել արևի ճառագայթներից, քանի որ ուլտրամանուշակագույն լույսը կարող է ուժեղացնել պիգմենտացիան։
Այնուամենայնիվ, նույնիսկ կես տարի անց բծերն ամբողջությամբ չեն անհետացել. դրանք միայն փոքր-ինչ գունատվել են։ Որոշ դեպքերում նման պիգմենտացիան կարող է պահպանվել տարիներ շարունակ կամ նույնիսկ մնալ ընդմիշտ։
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ նման կողմնակի ազդեցությունը համարվում է համեմատաբար հազվադեպ, բայց բնավ ոչ եզակի։ Ըստ որոշ գնահատականների՝ հիվանդների գրեթե մեկ երրորդի մոտ մաշկի գույնի փոփոխություններ կարող են առաջանալ մինոցիկլինի երկար ժամանակ ընդունող ռոզացեայով։ Սակայն ախտանիշների նման սրընթաց զարգացումը բժիշկներն անվանել են անսովոր։
Սա առաջին դեպքը չէ, երբ դեղամիջոցները բառացիորեն փոխում են մարդու մարմնի գույնը։ Նախկինում բժիշկները նկարագրել էին մի պացիենտի, ում արյունը դարձել էր մուգ կապույտ՝ բենզոկային պարունակող ցավազրկող քսուքի օգտագործումից հետո։ Այդ ժամանակ կնոջ մոտ զարգացել էր թթվածնի փոխադրման վտանգավոր խանգարում՝ մետհեմոգլոբինեմիա։

Русский