Երեք տարի պաշտոնավարելուց հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս ամառ, կարծես թե, հիշել է, որ ի պաշտոնե երկրի նախագահն է և որոշել է աշխարհի շուրջ ճամփորդությունների շղթայում ներառել նաև մեր երկիրը. տարատեսակ սելֆիներով համեմված արտերկրյա վոյաժների շղթայի մաս է կազմել նաև Սյունիք կատարած եռօրյա այցը։
Գնալով Հայաստանի ողնաշար հանդիսացող մարզ՝ Խաչատուրյանը պարզել է, որ այն ոչ միայն տնտեսական առումով կարող է հրաշալի հնարավորություններ ստեղծել մեր երկրի համար, եթե իհարկե ինչ-որ անհասկանալի դարպասներ բացվեն, այլ նաև գնահատել է այդ մարզի համայնքների գեղեցկությունն ու համայնքապետերի լավ աշխատանքը։
Այսպես, երեկ նա գնացել էր երբեմնի ընդդիմադիր, ինչ-որ շրջանում իր քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված Առուշ Առուշանյանի ղեկավարած համայնք՝ Գորիս. այնտեղ շրջել էր, զրուցել քաղաքացիների հետ և վերջում գովեստի խոսքեր ուղղել Առուշանյանին, որոնք վերջինս գերազանցիկ աշակերտի պես ժպիտով լսում էր։
«Քաղաքապետը լավ ա նայում քաղաքը, տեսնո՞ւմ եք»,- ասել է Խաչատուրյանը՝ դիմելով արտերկրից Գորիս այցելած քաղաքացիներին։
Համայնքում իրականացված շրջայցի ընթացքում Առուշանյանը Խաչատուրյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին մեծ հպարտությամբ պատմել է, թե ինչ քայլեր են արվում համայնքը զարգացնելուը համար, ամեն ծրագիր ներկայացնելուց հետո սպասելով «դուխ տվող» խոսքերի ու դրական արձագանքի։
Այս ամենը մտածելու տեղիք է տալիս՝ փոխվե՞լ են Գորիսի համայնքապետի քաղաքական պատկերացումները, նա արդեն հա՞շտ է Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքականության հետ, հատկապես այս փուլում, երբ տարբեր քաղաքական կենտրոններ խոսում են Սյունիքի գլխին կուտակվող սև ամպերի մասին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը շատ կուզեինք լսել հենց Առուշանյանից, սակայն վերջինս որևէ զանգի չի պատասխանում։ Նշենք, որ դեռ երկու օր առաջ էինք զանգել նրան այլ հարցի պատասխան ստանալու համար. սյունեցի համայնքապետների հետ հանդիպմանը Խաչատուրյանն ասել էր, որ 43 կիլոմետրանոց դարպաս պետք է բացվի Սյունիքում, ու այդ հայտարարությանը որևէ մեկը չէր աևձագանքել՝ հարցնելով, թե ի՞նչ դարպաս պիտի բացվի։ Ու քանի որ նման հարց չէր հնչել, մենք ենթադրել էինք՝ սյունեցի համայնքապետները գիտեն՝ ինչի մասին է խոսքը, հաշտ են դրա հետ, և մենք էլ Առուշանյանին էինք խնդրել պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը։ Նա բարեհամբույր տոնով պատասխանել էր մեզ՝ ասելով, որ մոտ երեք ժամից կպատասխանի բոլոր հարցերին։ Խոստումը եղավ, իսկ հետագա զանգերի պատասխանը՝ ոչ։
Ասելիք չունի՞, թե՞ այն, ինչ ասելու է, հնարավոր է հարվածի տակ դնի իրեն և իր վարկանիշը. մեզ համար էլ պարզ չէ։ Ամեն դեպքում նման հարցերի շուրջ լռությունն ու ՔՊ-ականների հետ ժպիտով շրջայցերը մտածելու տեղիք են տալիս, բավականին լուրջ մտածելու տեղիք։ Անգամ կասկած կա, որ Առուշանյանի անունը շուտով ՔՊ֊ի նախընտրական ցուցակում կտեսնենք` իշխանությունը, պարզվեց, նրանից շատ գոհ է ու դա չի թաքցնում...
Նարե Գնունի