Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ոչ ոք Լիաննա Պետրոսյանին չի պատվիրակել՝ բանակցել արցախցիների անունից. Արցախի պետնախարար

Blog Image

Արցախցիները շարունակում են լուրջ սոցիալական խնդիրների առաջ կանգնած մնալ. ըստ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի, տեղահանումից հետո 20 հազար արցախցի լքել է Հայաստանը՝ ապրուստի միջոց չունենալու հետևանքով։

Նրա խոսքով՝ սոցիալական աջակցության ծրագրերն իրենց չեն արդարացնում, ավելին, կան արցախցիներ, որոնք աջակցության որևէ ծրագրի շահառու չեն հանդիսանում։ Օրինակ՝ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքները։ Եվ քանի որ օր օրի սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվում, իրենք որոշել են բարեգործական հիմնադրամ ստեղծել։

«Մենք արդեն լավ հասկացել ենք, որ այս իշխանությանը չի հետաքրքրում՝ ինչ խնդրի առաջ ենք մենք կանգնած։ Անգամ մեր զանգերին չեն պատասխանում, որ քննարկենք սոցիալական աջակցության ծրագրերը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։

Այսինքն՝ պետությունն այս հարցում էլ արդեն տոտալ անտարբերություն է ցուցաբերում, թեև սոցիալական հարթակներում լրիվ այլ պատկեր է։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լիաննա Պետրոսյան օգտատերը անընդհատ հրապարակումներ է անում՝ ներկայացնելով, թե արցախցիներին հուզող հարցերով հանդիպումներ է ունեցել ՀՀ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Այս կուրսը նա որդեգրել է դեռ 2023-ից՝ շատ դեպքերում առաջացնելով արցախցիների դժգոհությունը, քանի որ մշտապես սերտ կապերի մեջ է ՔՊ-ական իշխանության հետ: Հետևապես, օգտվելով առիթից, օկուպացված Արցախի պետնախարարից հետաքրքրվեցինք՝ լիազորե՞լ են տիկնոջը արցախահայության հարցերն ու խնդիրները բարձրացնել, այդ թվում և փաշինյանական իշխանության ներկայացուցիչների կաբինետներում։

«Այդ տիկնոջ մասով մեկնաբանություններ չեմ տա, բայց հարցեր են առաջանում, թե ինչպես է նա պետական ապարատի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենում»,- նկատեց Իսկանդարյանը։

Հարցին, թե արդյո՞ք նա հենց արցախցիների կողմից չի պատվիրակված, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց՝ ոչ։

«Մենք հանդիպման առաջարկ ենք անելու այդ կնոջը։ Դեռ մարտ ամսին մենք առաջարկել էինք նրան, որ հանդիպման գա, բայց ինքը չի համաձայնել ու չի եկել»,- նշեց Իսկանդարյանը:

Նկատենք, որ Լիաննա Պետրոսյանը ՔՊ-ական շրջանակի հետ բավականին ակտիվ հանդիպումների է մասնակցում, տարբեր միջոցառումների գնում և սատարում է նրանց։ Վերջին հանդիպումը, որ բավականին ակտիվ  քննարկվեց, Վաղարշապատի համայնքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանի հետ հանդիպումն էր, որտեղ Պետրոսյանն իր աջակցությունն էր հայտնում նրան ու ակնարկում, որ արցախցիներն իր կողքին են։ Սա բավականին ակտիվորեն քննարկվեց սոցիալական ցանցերում. արցախցիներին զայրացնում է հանգամանքը, որ իրենց անունից ՔՊ-ին հավատարմության երդում են տալիս։  

Նարե Գնունի

Send