Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի՝ Տեխնիոնի գիտնականները ցույց են տվել, որ սպիտակ շաքարով, գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է փոխել աղիքային մանրէների ԴՆԹ-ն և դրանով իսկ ազդել իմունային համակարգի գործունեության վրա: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Nature Communications» ամսագրում:
Հետազոտողները ուսումնասիրել են Bacteroides thetaiotaomicron բակտերիան՝ միկրոբիոմի հիմնական տարրը, որը պաշտպանում է աղիքները բորբոքումից և պաթոգեններից: Նրանք պարզել են, որ գազավորված ըմպելիքի մեջ պարունակվող շաքարը մանրէների մոտ առաջացնում է ԴՆԹ-ի արագ վերադասավորումներ, այսպես կոչված ինվերսիաներ, որոնց պատճառով փոխվում են բորբոքման մարկերները, T-բջիջների ակտիվությունը, ցիտոկինների սեկրեցիան և նույնիսկ աղիքային պատի թափանցելիությունը:
Բջիջների, մկների և մարդկանց վրա կատարված փորձերի ժամանակ հայտնի է դարձել, որ միկրոբիոմը արագ արձագանքում է սննդակարգի նման փոփոխություններին: Այդ ազդեցությունները շրջելի են: Շաքարից հրաժարվելուց հետո մանրէները վերադարձրել են իրենց ԴՆԹ-ն իրենց սկզբնական վիճակին, իսկ իմունային համակարգի ցուցանիշները վերադարձել են նորմայի:
Ըստ մասնագետների՝ սնունդը անմիջականորեն ազդում է միկրոբիոմի և իմունիտետի փոխազդեցության վրա: Ապագայում նման տվյալները կօգնեն մշակել անհատականացված սննդակարգի առաջարկություններ՝ առողջությունը պահպանելու և բորբոքային պրոցեսների ռիսկը նվազեցնելու համար։