Վաղարշապատի հիվանդանոցի հարցը շարունակում է մնալ չլուծված. տարիներ շարունակ մոտ 47 հազար բնակիչ ունեցող համայնքի հիվանդանոցի մի հատվածն է միայն գործում, մյուս մասը դեռ երեք տարի առաջ է հիմնանորոգման նպատակով քանդվել, բայց քանի որ հետագայում պարզվել է, որ շենքը չորրորդ կարգի վթարային է, պետությունը որոշել է դադարեցնել աշխատանքները և փոխարենը նոր հիվանդանոց կառուցել։ Թե երբ Էջմիածինը նորմալ գործող հիվանդանոց կունանա, պարզ չէ. քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ դեռևս փաստաթղթերի մշակման փուլում են։
Իսկ մինչ այդ, քաղաքացիները տարբեր հարցերով ստիպված են գնալ մասնավոր բուժհաստատություններ. մեր տեղեկություններով՝ մարդկանց, մասնավորապես, ուղղորդում են գնալ Էջմիածնում գործող «Մասթեր Մեդ» ԲԿ։
«Հիմա ինչ մասնագետ իրենք չունեն, կամ սարքերի խնդիր կա, միանգամից ուղարկում են Հայրոյի մոտ, էնտեղ էլ մնում ա բարևելու համար գումար ուզեն»,- մեզ հետ զրույցում ասաց Վաղարշապատի բնակիչներից մեկը՝ նշելով, որ իր կարծիքով, դիտավորյալ են ձգձգում հիվանդանոցի վերակառուցման աշխատանքները։
Քաղաքացին իր այս դիտարկումը հիմնավորում է նրանով, որ «Մասթեր Մեդ» ԲԿ-ի տնօրենը մտերիմ հարաբերությունների մեջ է ՔՊ վերնախավի հետ, այս փուլում էլ Մեխակյանի քարոզարշավով է զբաղված։
«Հայրոյին են հարստացնում։ Էդ մասնավոր կլինիկան Արգիշտիի ընկերոջը՝ Հայրոյին ա պատկանում, ու դրա համար էլ մարդկանց հստակ ուղղորդում են, որ գնան ու էդ կլինիկայում հետազոտություններ անցնեն ու բուժում ստանան»,- պատմեց մեր զրուցակիցը։
Ըստ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվության՝ «Մասթեր Մեդ» ԲԿ-ի հիմնադիր-տնօրենը Հայրիկ Սարգսյանն է։ Նրա կենսագրության ու գործունեության վերաբերյալ այլ բան համացանցում չհաջոցվեց գտնել, փոխարենը մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը։ Ինչպես երևում է Հայրիկ Սարգսյանի հրապարակումներից, նա ՔՊ-ի հավատարիմ աջակից է, իր էջում բազմաթիվ անգամներ կիսվել է Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի, Դավիթ Խուդաթյանի, Արգիշտի Մեխակյանի ու մյուս ՔՊ-ականների գրառումներով ու նկարներով։


Ավելին, մեր տեղեկություններով՝ այս փուլում Սարգսյանն ակտիվորեն ներգրավված է Արգիշտի Մեխակյանի նախընտրական քարոզարշավում. մտերիմ շրջանակներին էլ «հորդորում» է նոյեմբերի 16-ին հենց Մեխակյանին ընտրել։
Ըստ մեր աղբյուրների՝ նախընտրական քարոզարշավից առաջ «Դվին» ռեստորանում Սարգսյանը Մեխակյանին խոստացել է իր հնարավորությունների սահմանում աջակցել ՔՊ-ին։ Այսպիսով, այժմ ՔՊ-ն փոխշահավետ գործարքի մեջ է նաև «Մասթեր Մեդ»-ի հետ։
Ինչ վերաբերում է Էջմիածնի ԲԿ-ի վերակառուցման ծրագրին, ապա որևէ հստակ բան չկա, թե երբ է նախատեսվում շինարարության սկզիբը և երբ կլինի շինավարտը, եթե իհարկե, լինի։ Մինչ այդ Առողջապահության նախարարությունից մեզ վստահեցնում են՝ Էջմիածնի ԲԿ-ն ամբողջ ծավալով գործում է։ «Առաջիկայում կհամալրենք համակարգչային շերտագրման սարքով և անընդհատ վերազինում և բուժծառայությունների ընդլայնում կանենք»,- նշեցին նախարարությունից։
Նարե Գնունի
