Նոյեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան համայնքի «Կազաչի» կոչվող հանդամասում, որտեղ հրդեհաշիջում են իրականացրել 234 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։ Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում է իրականացրել 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։
MediaHub-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքում առավոտվա դրությամբ մոտ 300 հրշեջ է աշխատել՝ հրդեհ մարելու համար։
«Այդ տարածքներում որևէ կառույց չկա, հետևաբար վնասը միայն խոտածածկույթն է։ Տարբեր հատվածներ են այրվել՝ մի տեղը մարում են, մյուս մասը սկսում է կրակը»,- մեզ հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետը։
Հարցին, թե արդյո՞ք որն է եղել հրդեհի պատճառը, Ղալումյանը նշեց, որ տեղեկացված չէ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին հայտարարվել էր, որ հրդեհ էր բռնկվել Դիլիջանում։
Էմմա Մարտիրոսյան
