Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Արշակ Սրբազանին «վերաբերող» տեսանյութը Տելեգրամի կողմից կեղծ ճանաչվելուց հետո միայն ոմանք դատապարտեցին նողկալի երևույթը

Blog Image

Սովորաբար յուրաքանչյուր սոցիալական հարթակ թեպետ ունի իր ուրույն քաղաքականությունը, սակայն որպես կանոն ունեն նաև միավորող բաղադրիչներ, այն է՝ միջանձնային հաղորդակցման հեշտացումն ու առավել անվտանգությունը, կազմակերպությունների գովազդային հնարավորությունները, ինչպես նաև օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրումը։

Բնականաբար յուրաքանչյուր ֆեյք ու արատավորող տեղեկություն ուղիղ կերպով անդրադառնում է տվյալ ցանցի վարկանիշին, ինչն էլ կարող է վերջաարդյունքում կործանարար դառնալ տվյալ ընկերության համար։ Ի տարբերություն ֆեյսբուքի, ինստագրամի կամ Տիկտոկի, տևական ժամանակ տելեգրամը չէր իրականացնում որևէ հսկողություն թե՛ բացվող ալիքների, թե՛ տեղադրվող նյութերի նկատմամբ, ինչն էլ իր հերթին նպաստեց, որ տելեգրամը դառնա ոչ միայն հանցավորության աճին նպաստող, այլև մարդկանց անունն արատավորող միջավայր։

Ու հենց այդ էր պատճառը, որ որոշ ժամանակ առաջ Տելեգրամի հիմնադիրը՝ Պավել Դուրովը հայտարարեց, որ այսուհետ Տելեգրամը կսահմանի քննություն ողջ կոնտենտի նկատմամբ ու այնտեղից կհեռացվեն բոլոր կասկածելի նյութերը, իսկ բացարձակ ֆեյք լուր տարածող էջերը կարգելափակվեն։

Սակայն ամենայն հավանականությամբ իշխանական որոշ շրջանակներին հատուկ չէ մեդիագրագիտությունը ու նրանց ընկալմամբ Տելեգրամը մնացել էր իր ստեղծման նախնական փուլում ու փոփոխություններին ծանոթ չէին։

Այդ անտեղյակությունը բերեց նրան, որ Արշակ Սրբազանին վարկաբեկելու համար հատուկ բացվեց մի ալիք, որի առաջին ու վերջին նյութը եղավ այն կեղծ տեսանյութը, որի շնորհիվ իբր պետք է բացահատվեր Սրբազանի «իրական դեմքը»։ Սակայն կարճ ժամանակ անց ոչ միայն տելեգրամը հանեց այդ տեսանյութը, այլ առհասարակ արգելափակեց տվյալ ալիքը։

Սոցիալական ցանցերի անվտանգությունից քաջածանոթ յուրաքանչյուր մարդ գիտի, որ ալիքները սովորաբար արգելափակվում են երկու պատճառով, նախ՝ բովանդակության, երկրորդը՝ կեղծ լինելու (արհեստական բանականությամբ ստեղծված, որում փորձ է արվում տեսանյութում պատկերված անձանց նույնացնել իրական մարդկանց հետ) համար։

Տվյալ պարագայում այդ ալիքը բլոկելու հիմնական պատճառ է հանդիսացել տեսանյութի կեղծ լինելը, քանի որ բուն բովանդակությունն ավելի շատ նմանվում էր ինչ-որ մելոդրամիկ ֆիլմի ու ակնհայտ պորնոգրաֆիա գոյություն չուներ։

Այս ֆոնին հատկանշական է նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների արձագանքը։ Քանի դեռ տեսանյութն առկա էր սոցիալական ցանցում, իշխանության որևէ ներկայացուցիչ, որևէ խոսքով հանդես չէր գալիս, սակայն Տելեգրամի կողմից այդ տեսանյութը ջնջվելուց ու ալիքը արգելափակվելուց հետո նոր միայն սկսեցին հնչել դատապարտող հայտարարություններ մարդու անձնական կյանքի անձեռնամխելիության, իրավունքների ու այլ արժեքների հիման վրա։

Այսինքն գործեց հետևյալ մեխանիզմը, եթե ակնհայտորեն պարզ դարձավ, որ տեսանյութը կեղծ է, ապա ինչո՞ւ չփրկել սեփական դեմքը ու չդատապարտել նողկալի քայլերը, քանի որ նույնիսկ այդ գաղափարի հեղինակն է հավանաբար գիտակցում, որ մարդու անվան ու արժանապատվության հետ խաղալն իրոք նողկալի երևույթ է։

Send