Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պապոյանը ստել է՝ ոչ մի աշխատանքային խումբ էլ գոյություն չունի․ նախարարությունից էլ չեն հերքում նախարարի սուտը

Blog Image

Աշխատանքային այցով Եթովպիայում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր առավոտյան մի արդարացում-ստատուս է գրել, որով փորձում է համոզել, թե որքան արդյունավետ է աշխատում ինքը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Մինչդեռ, Պապոյանը, որ հավանաբար նեղվել էր երեկվա մեր նյութից, որ իր փոխարեն իր գործը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է արել, ընդամենը փորձել է արդարանալ և ցույց տալ, թե հայկական բեռնատարների հարցը լուծվել է և լուծվել է հենց բացառապես իր ջանքերի շնորհիվ։ Դե, չէր կարող միանգամից քար գցել իր գործընկերոջ բոստանն ու ուղիղ տեքստով հայտարարել, թե ՆԳ նախարարը ոչինչ էլ չի արել, դրա փոխարեն որոշել է իր արածները թվարկել, թե տեսեք՝ ինքը բանակցեց, ու հարցը լուծվեց։ 

«Ինչպես գիտեք, Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։ Օրինակ՝ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի՝ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։ Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին»,- հերթական անիմաստ վիճակագրությունն է ներկայացրել նախարար Պապոյանը՝ պոպուլիստաբար ու ակնհայտ կեղծ շնորհակալություն հայտնելով մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։

Պապոյանի այս գրառման մեջ երկու ոչ արժանահավատ, կեղծ կամ ոչ ճշգրիտ ինֆորմացիա կա։ Նախ պետք է խոստովանել, որ հայկական կոնյակագործների արտադրանքը, որը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իրականում այնքան էլ որակյալ չէ, էլ չենք ասում՝ բարձրորակ, և դա գիտեն բոլորը, ու խոստովանում են անգամ իրենք՝ կոնյակագործները։ Բայց ռուսական շուկային դա ձեռք է տալիս ու ՌԴ իրենց գործընկերները աչք են փակում այս ամենի վրա, եթե, իհարկե, քաղաքական դրդապատճառներով երբեմն-երբեմն չեն որոշում աչքերը լայն բացել ու մեր կոնյակի որակը ստուգել։ Այնպես որ, նախարարի կողմից կոնյակագործներին քծնելը այս դեպքում շատ կեղծ է հնչում, արհեստական է ու բացարձակ տեղին չէ։

Երկրորդ կեղծիքը․ Պապոյանն ասում է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իբրև թե ամենօրյա ռեժիմով աշխատանք է տանում կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պապոյանի գրառումը կարդացած կոնյակագործները զարմացած են՝ այդ ի՞նչ աշխատանքային խմբի մասին է խոսքը, ո՞ւր է այդ աշխատանքային խումբը, ովքե՞ր են ընդգրկված այդ խմբի մեջ, և ինչպե՞ս կարելի է կապ հաստատել այդ աշխատանքային խմբի կամ գոնե դրա գեթ մեկ անդամի հետ։

MediaHub-ը փորձեց էկոնոմիկայի նախարարությունից ճշտել այս հարցի պատասխանը, որ մենք էլ մեր հերթին կապ հաստատեինք այդ աշխատանքային խմբի հետ և մեզ հուզող հարցերը ուղղեինք իրենց։

Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն, որևէ կերպ չհաստատեցին, որ նման խումբ գոյություն ունի, և այդ խմբի անդամի որևէ անուն չտվեցին։

Նախարարության լրատվական ծառայությունից, որպես պատասխան, մեզ պաշտոնապես առաջարկեցին ընդամենը հետևել նախարարի էջին։

Չես հասկանում՝ մե՞զ են ծաղրում այս պատասխանով, թե՞ իրենց նախարարին։ Նախարարի էջին հետևենք, որ ի՞նչ տեսնենք՝ աշխատանքային խմբի կա՞զմը։ Եթե իսկապես կա այդպիսի աշխատանքային խումբ, ապա թող ասեն՝ իմանանք, եթե չկա, թող ասեն՝ չկա, նախարարը խաբել է։ Փաստ է, որ չկա, քանզի եթե լիներ այդպիսի աշխատանքային խումբ, ապա էկոնոմիկայի նախարարությունից առնվազն կտրամադրեին այդ խմբի կազմը, ոչ թե անհեթեթ մի պատասխան կփոխանցեին, թե՝ հետևեք նախարարի էջին։ Սրանով իրենք էլ են հաստատում, որ նախարարը ստել է և կեղծիք հրապարակել իր էջում։

Վահե Մակարյան

Send