Հայաստանում անցկացվող Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում MediaHub-ը հյուրընկալեց Երևանի N142 ավագ դպրոցի աշակերտներին։ Այցի նպատակն էր դպրոցականներին ներկայացնել ժամանակակից մեդիայի աշխատանքային սկզբունքները և զարգացնել նրանց տեղեկատվական հմտությունները։



Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան լրատվականների գործունեությանը՝ հասկանալով, թե ինչպես է ձևավորվում լուրը, ինչ փուլերով է անցնում նյութը հրապարակվելուց առաջ և ինչ պատասխանատվություն ունեն լրագրողները։ Մասնագետները ներկայացրին նաև կեղծ լուրը օբյեկտիվ տեղեկատվությունից տարբերելու հիմնական մեթոդները՝ իրական օրինակներով ու գործնական վարժություններով։




Հատուկ ուշադրություն դարձվեց անձնական տվյալների պաշտպանության թեմային․ աշակերտները տեղեկացան, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ անհեռատես հրապարակումներից, ինչպես պաշտպանել սեփական տվյալները թվային միջավայրում և ինչ էթիկական կանոններ պետք է պահվեն առցանց հաղորդակցման ժամանակ։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով՝ ընդգծելով մեդիագրագիտության ուսուցման կարևոր դերը դպրոցականների գիտելիքների և քննադատական մտածողության զարգացման գործում։
Նարե Գնունի
