Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստի» դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Աշոտ Պ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Ճ.-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխաներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները տեղափոխվել են Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը:
Բախման հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «գայի պոստի» տարածքում: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Renault»-ն, որի վարորդը Երևանից դեպի Աշտարակ ընթանալիս չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: