Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխել, հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը MediaHub-ին։
«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ծառայողական մեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով։ Ըստ տարածված տեղեկության՝ այս ամենի հիման վրա պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։
Մարիաննա Արամյան