Գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։
Կարապետյանը նրանցից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ երկիրը ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։
Փաշինյանի մամուլի խոսնակը հրապարակել էր մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խմբին։
Ըստ Ս. Կարապետյանի՝ Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Մամուլի քարտուղարի հետևյալ արտահայտությունները դիտարկվել էին որպես վիրավորական. «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։… Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․»։
Տարոն Չախոյանը հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ Սամվել Կարապետյանը գործակալ է, որ Հայաստան նրա այցը կապված է «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն:
Սամվել Կարապետյանի համար վիրավորական է նաև Չախոյանի մի քանի արտահայտություններ, որի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, մասնավորապես՝ «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «... պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները պետության զորությունը կզգան մռութներին», «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուդկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է ...»։
Հարություն Մկրտչյանը հունիսի 19-ին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» և «Առաջին» լրատվական-վերլուծական (1in TV) ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, օրեր անց «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ս. Կարապետյանը սա համարել է զրպարտչական, սուտ և անհիմն։
Կարապետյանը պահանջում է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նազելի Բաղդասարյանին, Տարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։