Անկախ նրանից, թե հետագայում որքանով կհաջողի Նիկոլ Փաշինյանը, կամ երբ ու ինչպես կկասեցվի նրա ընթացքը, այնուամենայնիվ, նա արեց աներևակայելին. նրան հաջողվեց սասանել ազգային արժեքները, կասկածի որդը գցել հանրության մեջ, արթնացնել որոշ շերտերի մոտ թաքնված ստորին բնազդները, որոնց մասին նրանք նախկինում երբեք չէին բարձրաձայնի։ Իսկ ներկայումս քարուքանդ են եղել բոլոր պատնեշները, վերացվել են բոլոր արգելքները, ու կանաչ լույս է վառված ապականման առջև։
Իրականությանը պետք է նայել բաց աչքերով ու փաստել այն, ինչ կա, իսկ որ Նիկոլ Փաշինյանը խորապես վնաս է հասցրել այն արժեհամակարգին, որի վրա խարսխված է հասարակությունը, փաստ է։
Նախկինում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ կգա մի օր, երբ Արցախի դրոշը կդառնա ընդդիմության խորհրդանիշը, ու արցախցիների վերաբերյալ ադրբեջանցիների ու նիկոլական երդվյալ հավատավորների կարծիքը կլինի միասնական։
Նախկինում անհավանական էր թվում, որ երբևէ Հայաստանը կունենա այնպիսի ղեկավար, որը կհանձնի Արցախը ու կշարունակի պաշտոնավարել։
Նախկինում որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ Հայոց ցեղասպանությունը կդրվի կասկածի տակ ու պետական մակարդակով մեղավոր կհռչակվեն հենց հայերը։ Սակայն այդ օրը եկավ, ու հետագայում ինչպիսի ընթացքով էլ իրադարձությունները զարգանան, միևնույնն է, միջազգային հանրությունն արդեն ստացել է այն ուղերձը, որ Հայաստանում կա մի շերտ, որն ուղղակիորեն դատապարտում է Ցեղասպանության ճանաչումը։
Նախկինում ոչ մի հայի մտքով չէր անցնի, որ մի օր երկրի իշխանությունը կեղծ հակասություն կառաջացնի «պատմական ու իրական Հայաստանների» միջև՝ առաջինը համարելով կեղծ ու փորձելով ջնջել պատմական հիշողությունը։
Նախկինում ոչ ոք չէր կարող երևակայել, որ կգա այն օրը, երբ հայրենի իշխանությունը Հայաստանի Հանրապետության տարածքները կհռչակի ադրբեջանական ու ռազմավարական բարձունքները կնվիրի թշնամուն։
Նախկինում ոչ մի մարդ չէր կարող գուշակել, որ մի օր Հայաստանի իշխանությունները բանակը կհամարեն անկարևոր ու կգնան դրա լուծարմանը, իսկ հանուն հայրենիքի կյանքը զոհած, սխրանքների գնացած մարդկանց անձնազոհությունը կհամարեն առ ոչինչ՝ հերոս հռչակելով ուղղակի հարկ մուծողներին։
Նախկինում որևէ մեկը չէր կարող մտածել, որ Արարատ լեռը մի օր կդառնա ջրբաժան՝ իշխանության ու հանրության միջև, ու մարդիկ Արարատի նկարն իրենց սոցիալական ցանցերում կհրապարակեն որպես սեփական իշխանության դեմ բողոքի նշան։
Նախկինում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Մայր Աթոռը մի օր կդառնա հարձակման թիրախ ու Վեհափառը հրապարակային հայհոյանքների կարժանանա որոշ խմբերի կողմից։
Նախկինում որևէ մեկը չէր կարող երևակայել, որ մի օր ՀՀ ղեկավարը պաշտոնապես կողջունի Մեծ Թուրանի գաղափարախոսությունն այն դեպքում, երբ Հայաստանը դրա իրագործման ճանապարհին ոսկոր է Թուրքիայի կոկորդին։
Նախկինում ոչ մի մարդու մտքով չէր անցնի, որ երբևէ ՀՀ ղեկավարը պաշտոնապես ու հրապարակային կխառնվի այլոց անձնական կյանքին ու կփորփրի մարդկանց անկողինները։
Նախկինում ոչ ոք չէր կարող իմանալ, որ կգա մի օր, երբ երկրի վարչապետը ի ցույց բոլորի կհայտարարի իր ընտանեկան կարգավիճակի մասին՝ որպես օրինակ հանդիսանալով, որ այսուհետ կարելի է անկարևոր համարել ավանդական ընտանեկան մոդելը։
Նախկինում ոչ ոք չէր կարող մտածել, որ երբ մեկը փողոցում բարձրաձայն հայհոյում էր, ու բոլորը զգուշացնում էին, որ կանայք կան, սակայն կգա մի օր, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը սոցիալական իր էջում կգրի «դոմփել» ու հազարավոր կանանց կողմից կարժանանա սրտիկների։
Նախկինում ոչ մի մարդ չէր կարող պատկերացնել, որ երբևէ ՀՀ վարչապետը դատավորներին կանվանի «վնգստացող շներ», ընդդիմադիրներին կսպառնա «ասֆալտ լիզելով ու պատերին ծեփելով», ՀՀ ԱԺ նախագահը կթքի քաղաքացու երեսին։
Սրանք հարցեր են, որոնց մասին բազմիցս է խոսվել, սակայն դա բավարար չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է յուրաքանչյուր նոր աղետի դեպքում ձևավորել այնպիսի հանրային «իմունիտետ», որը ոմանց մոտ առաջացնում է հուսահատություն, ոմանց մոտ անկարողության գիտակցում, ոմանց մոտ անտարբերություն, որոշների կարողանում է թեքել իր «գաղափարներին» ու ամեն ինչ վերածել «սովորական երևույթի»։ Հետևաբար այս հարցերի մասին պետք է խոսել ամեն օր ու մանրամասն, որպեսզի անխտիր բոլորն ամբողջությամբ զգան, թե ինչպիսի խորը ճգնաժամում ենք գտնվում, ու եթե այն այսօր չհաղթահարվի, վաղը գուցե արդեն ուշ լինի։
Կարեն Կարապետյան