Տարիներ առաջ Եվգենի Պետրոսյանը մի մանրապատում ուներ. «Եթե դու չգաս, ես քեզ կդավաճանեմ իմ հետ»։ Ենթադրվում է, որ տղան ու աղջիկը «նախաստորագրել» էին ժամադրության համաձայնագիր, սակայն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, մանրապատման հերոսը գիտակցում էր, որ աղջիկը կարող է և չգալ, հետևաբար նախօրոք զգուշացնում էր, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց Նիկոլ Փաշինյանն առանց որևէ նախազգուշացման արդեն անցել է այն գործողությանը, որը պետք է հաջորդեր կողմերից մեկի բացակայությանը, այսինքն՝ արդեն իսկ հայտարարելով խաղաղության դարաշրջանի, խաղաղության փաստի մասին, խաղաղությունը որպես իրականություն ներկայացնելով՝ նա լիովին անտեսում է այն, որ Ադրբեջանը կարող է և համաձայն չլինել այդ իրավիճակի հետ։ Ու ստացվում է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է հաստատել ինքն իր հետ։
Մինչ մենք արդեն սկսել էինք «վայելել խաղաղության բերկրանքը», Ալիևի հատուկ հանձնարարությունների հարցերով ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, ու մատնանշեց, որ այն ընդամենը նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են կիսախաղաղության-կիսապատերազմական վիճակում։ Ցանկացած կիսատ իրավիճակ հղի է այն վտանգներով, որ հայտնի չէ, թե իրավիճակի փոփոխության դեպքում նժարը որ կողմը կթեքվի՝ խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի։
Որպեսզի կնքվի խաղաղության վերջնական պայմանագիր, Ադրբեջանը շարունակում է ներկայացնել նույն պահանջները, ինչ մինչ համաձայնագրի նախաստորագրումը, մասնավորապես, շեշտը դրվում է ՀՀ Սահմանադրության փոփոխության վրա։ Հայտնի չէ, թե այդ պահանջը բավարարելուց հետո կհաջորդի մեկ այլ պահանջ կամ փոփոխված Սահմանադրությունը կգոհացնի Ադրբեջանին, թե՞՝ ոչ, բայց պաշտոնական Բաքուն համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ արդեն իսկ հաստատված է խաղաղություն։
Իհարկե, մենք կարող ենք ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի նման հայտարարել, որ Ալիևի ասածները մեզ չեն հետաքրքրում, ու մեզ համար հիմքը Նիկոլ Փաշինյանի խոսքն է (Էմմա Պալյանը սոսկ օրինակ է, քանի որ ՔՊ-ում բոլորն են Պալյան), բայց դա նման կլիներ միակողմանի գործողության, այն է՝ մենք Ադրբեջանի հետ արդեն հաստատել ենք խաղաղություն, իսկ նա համաձայն է դրան, թե՝ ոչ, թքած ունենք նրա կարծիքի վրա։ Նման պարագայում կարելի է ընդհանրապես լուծարել բանակը, քանի որ արդեն թևակոխել ենք խաղաղության դարաշրջան, իսկ ով կհարձակվի մեզ վրա, դա արդեն իր խնդիրն է, ինչ ուզում է թող անի, մենք «վայելում ենք խաղաղության բերկրանքը», համերգ ենք գնում, սրճարան, Սևան…։
Իհարկե, խաղաղություն բոլորն են ուզում, սակայն ստորություն է ներքաղաքական շահերով ու ընտրություններով պայմանավորված, դեռևս գոյություն չունեցածը ներկայացնել որպես կատարված, մանիպուլացնել հանրությանը ու դրանով ձայներ կորզել։ Ճիշտ այդպես Նիկոլ Փաշինյանը հանրությանը մանիպուլացրեց 2021 թվականին, սակայն մարդիկ, ձայն տալով նրան, հավատալով տրված խոստումներին, կարճ ժամանակ անց ականատես եղան այդ խոստումների 180 աստիճան տարբերությամբ իրականությանը։
Քաղաքականության մեջ կարող են առաջնորդվել պոպուլիզմով կամ ստով։ Չափավոր պոպուլիզմը, որը հետագայում չի թողնելու աղետալի հետևանքներ, թույլատրելի է։ Պոպուլիզմը որոշ չափով գործում է նաև միջանձնային հարաբերություններում, երբ դիմացինիդ դուր գալու համար նրան ասում ես այնպիսի հաճելի խոսքեր, ինչիպիսիք ինքն ուզում է լսել։ Իսկ սուտն արդեն ստորություն է, և այն քաղաքական գործիչը, որի գործունեության հիմքը կեղծիքն է, ապա եթե նա վաղ թե ուշ, ինչ-որ պահի նույնիսկ բերի այդ խաղաղությունը կամ խաղաղության անվան տակ փաթեթավորված ինչ-որ բան, միևնույնն է, նրա իրական տեղը քաղաքական աղբանոցն է, քանի որ այդ նույն խաղաղության հենասյունը նույնպես կեղծիքն է լինելու, ինչն էլ իր հերթին հնարավոր է մի օր հանգեցնի ավելի մեծ ողբերգության։
Կարեն Կարապետյան