«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թանկարժեք կերպարը դարձավ քննարկման առարկա։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Արմեն Կոտոլյանի թանկարժեք ժամացույցը։
«Ժողովուրդ»-ի լրագրողը հարցազրույց էր ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների շրջանակում։
Մինչ Կոտոլյանը գովում էր թիմին եւ արդեն համայնքապետ Արգիշտի Մեխակյանին, մեր աչքից չվրիպեց նրա ժամացույցը։
Արմեն Կոտոլյանը կրում էր Tissot հայտնի բրենդի ժամացույց: Նմանատիպ ժամացույցը կայքում վաճառվում է 425 ԱՄՆ դոլար՝ 150-160 հազար դրամ, մանրածախ գնման դեպքում։ Թանկարժեք ժամացույց է կրում նաեւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նույնիսկ հայտարարագրել է այն։ Մարզպետի ձեռքին Rolex բրենդի ժամացույց էր, որն արժե 33 հազար դոլար՝ գրեթե 12,5 մլն դրամ:
Խաչատրյանը որպես թանկարժեք իր հայտարարագրել էր նաեւ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր»։
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ում այս օրերին Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ «չիստկա է» իրականացվում։
Մասնավորապես, նրան են հրամցվում խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվել ցանկացող անձանց անուններ, ընդ որում, ինչպես աղբյուրն է ասում` լավ էլ թվատերերի:
Սակայն, վերջինս մի այլ կարգի մաղով է անցկացնում ցուցակը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է՝ փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն եւ գոհ չեն նախաքննության ընթացքից։
Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը: Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։
Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը տեւական ժամանակ հետեւել է «զոհին»՝ հասկանալու, թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել: «Մի քանի անգամ գնացել է Վալոդյայի հետեւից, սակայն չի կարողացել սպանել»,- ասաց մեր զրուցակիցը։ Իրավապահները, բնականաբար, հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել:
