Երեկ կեսգիշերին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
MediaHub-ը ճշտեց, որ վիրավորներն են Չարենցավան խոշորացված համայնքի Արզական գյուղի բնակիչներ 25-ամյա Արամայիս Նավասարդյանը, որը հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Եղիազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Վերջինս նույն օրը ժամը 02-ի կողմերը Չարենցավանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Հերացի» հիվանդանոց:
Նրանց դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկազ Մ-ն:
Մեզ պատմեցին, որ մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, որը, սակայն, ինչպես հասկացանք, իր արմատներն է ունեցել։
Գյուղում պտտվող խոսակցությունները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասական, դրա համար դժվար է այս պահին գնահատական տալ՝ ով է եղել վիճաբանության իրական մեղավորը, ինչ է պատահել իրականում կամ ինչ է թաքնված եղել այս արյունալի միջադեպի խորքում։ Մեզ միայն ասացին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հարություն և Վարդգես Մնացականյան եղբայրները, որոնք հորեղբոր թոռներ են, իրենց տան մոտ կանգնած են եղել, և Համբարձում անունով մեկը մեքենայով արագ վարել է իրենց փողոցով, Մնացականյաններն էլ դիտողություն են արել իրենց համագյուղացուն, թե ինչո՞ւ է արագ վարում։ Համբարձումն էլ պատասխանել է, թե՝ «իմ գյուղի մեջ ես ոնց ուզենամ, նենց էլ կքշեմ», որից հետո առաջացել է վիճաբանություն, Համբարձումը կանչել է իր ընկերներին, մտերիմներին, որոնք «Նիվաներով» ու այլ մեքենաներով եկել ու սկսել են դաժանորեն ծեծել Մնացականյան եղբայրներին։ Նրանցից Հարությունի հարազատ եղբայրը՝ Հայկազ Մ-ն, տեսնելով իր ծեծված եղբայրներին, դանակը հանել ու սկսել է պաշտպանել հարազատներին։ Արդյունքում երկու հոգի՝ դանակահարված, երկու հոգի էլ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում։ Հայկազին իրավապահները հայտնաբերել են, նա այժմ ձերբակալված է։ Ասացին՝ ծեծվածներից մեկի ծնոտն է կոտրած, մյուսի՝ քիթը։ Վիրավորներից մեկը Աբովյանի, մյուսը՝ Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել, իսկ դանակահարվածները «Չարենցավանի» ԲԿ-ում են, վիրահատվել են։
Այս ամենի տակ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ էլ են դնում արզականցիները, ասում են՝ ՔՊ-ականների ու ոչ ՔՊ-ականների միջև վեճ է եղել սա, մասնավորապես՝ ծեծված Մնացականյան եղբայրները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին, ծանր մարտական ուղի են անցել, իսկ մյուս կողմն էլ մերձիշխանական շրջանակներից են։ Մեզ նաև այլ անուններ տվեցին, որ միջադեպին խառնված են եղել նաև Արզականում հայտնի Հարութ և Վարդան եղբայրները, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց քրեական պատմություններով, ասացին՝ ուզում են ամեն գնով իրենց ազդեցության տակ պահել գյուղը իրենց «բեսպրիդելով», և որ այս վեճից առաջ նաև եղբայրներից Հարութի տղան իր զարմիկին է ծեծած եղել, և, ըստ տեղեկությունների, այս վիճաբանության հիմքում նաև այդ ծեծն է ընկած եղել։ Բայց թե ով ում բարեկամն է, ումից է, իրականում, սկսել վիճաբանությունը, ով է մեղավոր, իսկ ով՝ ավելի մեղավոր, դժվար է ասել, հավանաբար կպարզի նախաքննությունը։
Պարզ է միայն այն, որ Արզական գյուղում հաճախակի են լինում այսպիսի դեպքեր, երբ տարբեր խմբեր իրար դեմ են դուրս գալիս՝ փորձելով ուժով հարցեր լուծել, իրենց ազդեցությունը տարածել միմյանց վրա։
Մենք դիմեցինք նաև ՆԳՆ լրատվական ծառայությանը՝ հասկանալու, թե իրենց մասով ինչ կարող են ասել։ ՆԳՆ-ից հայտնեցին նույնը, ինչ վերևում էր նշված, որ օգոստոսի 22-ին, կեսգիշերն անց ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ դանակահարված վիճակում 25-ամյա երկու երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։
«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հետևյալը, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների և իրենց համագյուղացի մեկ այլ երիտասարդի միջև, և վերջինս պարզաբանումների ընթացքում դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց։ Դեպքից մի քանի ժամ անց՝ լուսադեմին, կասկածվողը Կոտայքի մարզի Լուսակերտ բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ներկամումս ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասացին ՆԳՆ լրատվականից։
Վահե Մակարյան