Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մայրը ծննդաբերությունից անմիջապես հետո փորձել է uպանել երեխային․ մանրամասներ

Blog Image

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական գործ է ստացվել նորածնի սպանության փորձի հատկանիշներով, այս մասին տեղեկություն է հրապարակվել Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։

Լ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծննդաբերությունից անմիջապես հետո հոգեճնշող վիճակում փորձել է սպանել երեխային:

Ըստ մեղադրանքի՝ Լ.Հ., ցանկանալով թաքցնել իր հղիության փաստը և առանց որևէ մեկի գիտության ծննդաբերելուց հետո սպանել երեխային, 2025 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, փակվելով Կոտայքի մարզի Ա. քաղաքի բնակարաններից մեկի զուգարանում և այնտեղ առանց բուժօգնության իգական սեռի երեխային ծննդաբերելուց անմիջապես հետո, գտնվելով հոգեճնշող վիճակում, վերջինիս դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, գցել է զուգարանակոնքը, երեխայի բերանն է մտցրել կիսարյունոտված և թրջված անձեռոցիկ ու փակել զուգարանակոնքի կափարիչը։

Հետագայում, անտեսելով մոր՝ Ա.Մ. կողմից նախապես կանչված Ա. քաղաքի շտապօգնության բժշկուհի Մ.Հ. հորդորը՝ զուգարանի դուռը բացելու և իրեն ու նորածնին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, պորտալարն անձամբ կտրելու համար պահանջել է մկրատ՝ դիտավորությամբ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սակայն վերջինիս պահանջը չի կատարվել:

Դրանից հետո Լ.Հ. զուգարանի դուռը բացել է միայն բժշկուհի Մ.Հ. կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն զանգելու մտադրության մասին հայտնելուց և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կատարած զանգից հետո։ Այսպիսով, Լ.Հ. դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ բժշկուհի Մ.Հ., զուգարանակոնքում հայտնաբերելով Ս.Հ., վերջինիս անհապաղ ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

2025 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-157-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը: Լ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-157-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրյալին մեղադրանքը ներկայացվել է 2025 թվականի փետրվարի 21-ին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 2025 թվականի հունիսի 19-ին, մեղադրական եզրակացությունը կազմվել է նույն օրը, իսկ քրեական վարույթը դատարան է ստացվել 2025 թվականի հունիսի 27-ին:

2025 թվականի հուլիսի 3-ին գործը մակագրվել է դատավոր Գ. Մարգարյանին։ Այդ օրը դատարանը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը ստանձնելու և նախնական դատալսում նշանակելու մասին։ Լ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-157-րդ հոդվածի 1-ին մասով (մոր կողմից նորածնին ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, հոգեճնշող վիճակում սպանելու փորձ): Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2025թ. նոյեմբերի 19-ին, ժամը 11:00-ին:

Send