Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Եկեղեցին կազմաքանդելու փորձերով, հասարակությանը հերթական անգամ սև ու սպիտակի բաժանելով ու հոգևորականներին պառակտելով ու այդպիսով բոլորի ուշադրությունը կենտրոնացնելով այդ ամենի վրա, մենք հասանք այն եզրագծին, որ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների փակման գործընթացը, և չեղյալ համարվեցին ԵԱՀԿ նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։ Այսօր Ալիևը կարող է տոնել իր հերթական հաղթանակը, որովհետև եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, ապա այսօր այդ հարցը փակվեց նաև միջազգային օրակարգում։
Իհարկե, ասածից չի բխում, որ մեր օրակարգից պետք է դուրս գա արցախցիների իրավունքներին հետամուտ լինելն ու երբեմնի հայկական Արցախը նորից հայերով բնակեցնելու նպատակը, քանի որ եթե չեղյալ են համարվում նախկին բոլոր փաստաթղթերը, որոնցում հաշվի էր առնվում Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա ամենևին չի նշանակում, որ չեն կարող ընդունվել նոր փաստաթղթեր, սակայն դա արդեն կախված է մեր հավաքական վճռականությունից (առանց Նիկոլ Փաշինյանի) ու խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Որքան էլ ցավալի լինի, բայց պետք է փաստել, որ այսօր քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններին, հետևաբար արտահերթ ընտրությունների հավանականությունն այս պահին բավականին մշուշոտ է։ Եթե Նիկոլ Փաշինյանին պարտադրվի հրաժարական ու արտահերթ ընտրություններ, ապա ՔՊ-ի հեռացումը դառնում է անխուսափելի, իսկ եթե ոչ, ապա ուզած-չուզած Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորությունը մնում է հերթական ընտրությունը։ Ահա այդ ժամանակ ընդդիմությունը պետք է անի հնարավորինս ամեն ինչ, որպեսզի կանխի Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը, իսկ եթե ոչ, եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստանա իշխելու ևս մեկ ժամանակահատված, ապա մենք Արցախը հայերով կբնակեցնենք այնպես, ինչպես այսօր հայերով է բնակեցված Արևմտյան Հայաստանը։
Օրինակ՝ առավել քան վստահ եմ, որ երբ ժամանակին հանձնվեց Կարսը, կար վստահություն, որ անպայման կգա մի օր, որ կրկին կվերադառնանք մեր հայրական տներ, նորից Կարսը կդարձնենք հայկական, սակայն անցան տասնամյակներ, ու եկավ մի օր, որ մահացավ Կարսը լքած վերջին մարդը, նրանց սերնդի համար Կարսը դարձավ հայրական տուն, թեպետ իրենք արդեն ունեին իրենց սեփական տները, իսկ արդեն հաջորդ սերունդների համար Կարսը վերածվեց սոսկ պատմական հայրենիք, որտեղ Վանո Սիրադեղյանի դիպուկ բնութագրմամբ, ապրելը պարտադիր չէ։ Հա, մեկ էլ Եղիշե Չարենցի «Տաղ անձնական»-ը, որը գեղարվեստական հանճարեղ գործ է, բայց ոչ քաղաքական գործոն։
Մեր քաղաքական միտքը հաշվարկում է ամեն ինչ, միայն աչքաթող է անում մի կարևոր հանգամանք, ժամանակի գործոնը, իսկ ժամանակը միշտ աշխատել է ի վնաս մեզ։ Մենք երբեք չենք կարողացել օգուտ քաղել դրանից, ու ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր. «Հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»։
Պատմականորեն ապացուցված է, որ մենք միշտ մեր ազգային շահերին հետամուտ լինելու փոխարեն փորձել ենք հույսներս դնել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի վրա, սերունդներ անց խոսել օրինակ Վիլսոնի ծրագրից, որը բացի մեզնից հավանաբար չի հիշում ոչ ոք, նույնիսկ Վիլսոնի ծոռը։
Հետևաբար, եթե մենք չենք ուզում, որպեսզի Արցախը վերածվի Կարսի, կամ սպասենք, թե երբ է «օրհնվելու էն սհաթը, երբ ռսի օրհնված ոտը հայոց լիս աշխարհ կմտնի», կամ էլ 100 տարի անց ծնվի մի նոր Արա Պապյան, որը ԵԱՀԿ Մինսկի փաստաթղթերից կխոսա այն նույն համոզվածությամբ, ինչ ներկայիս Արա Պապյանը խոսում է Վիլսոնի ծրագրից, ապա պետք է գործենք այսօր, այս վայրկյանից սկսած, որ առնվազն ընտրություններին կարողանանք հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Կարեն Կարապետյան
