Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

ՔՊ-ականներն իրենց էջերում только я ռեժիմով տեղադրում են գրառումներ, որպեսզի ձերբակալմանը զուգահեռ սարքեն՝ доступно всем

Blog Image

ՔՊ-ական իշխանությունը տարբեր արատավոր երևույթներ էլ ավելի ահասարսուռ դարձնելու համար մշտապես հղում է անում նախկիններին, սակայն ժամանակին երբ ձերբակալվում էր որևէ պաշտոնյա, ապա տվյալ ժամանակվա իշխանության ներկայացուցիչները, հատկապես օրենսդիր մարմնի, երբեք հանդես չէին գալիս քաղաքական հայտարարություններով։ Բոլորի համար ընդունված էր մի ծեծված արտահայտություն. «Գործով զբաղվում են իրավապահ մարմինները ու այս պահին ոչինչ չենք կարող ասել»։ Անկեղծ էր այդ ասվածը, թե՝ ոչ, կարևորը դա չէ։ Համենայն դեպս գոնե արտաքնապես պահպանվում էր քաղաքական կոռեկտությունն ու չէր խախտվում մարդու անմեղության կանխավարկածը։

Իսկ ՔՊ-ական իշխանության համար նման հասկացություններ գոյություն չունեն, ցանկացած ձերբակալություն ու կալանք, եթե նույիսկ դրանից անցել է դեռևս 10 րոպե, ՔՊ-ականների, այդ թվում օրենսդիր բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից անմիջապես արժանանում է վերջնական գնահատականի, կասկածյալը միանգամից վերածվում է «դատարանի» որոշմամբ դատապարտյալի ու բնականաբար այդ ամենը համեմվում է վիրավորանքներով։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ գրառումները նախօրոք արդեն պատրաստ են լինում, մինչչ կալանավորվող պաշտոնյան կիմանար, որ շուտով իրեն ձերբակալելու են։

Ու գուցե այդպես էլ կա, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս դեպքում նմանատիպ առաջին «ստատուսագիրն է»։ Նրա ցանկացած ելույթ, ցանկացած գրառում իրավապահ մարմինները ընկալում են որպես գործողության անցնելու հրահանգ, իսկ ՔՊ-ականներն էլ (խոսքս շարքային անդամների մասին չէ) իրենց էջերում только я ռեժիմով տեղադրում են սեփական գնահատականները՝ դատավճռի տեսքով, որպեսզի ձերբակալման գործողությանը զուգահեռ դրանք սարքեն доступно всем։

Ընդ որում, ՔՊ-ականների գրառումները շատ հաճախ այն աստիճան են նման լինում իրար, որ տպավորություն է ստեղծվում, կարծես, օրինակ՝ Ռուբեն Ռուբինյանի, Արայիկ Հարությունյանի, Արսեն Թորոսյանի կամ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջերն ունեն նույն գաղտնաբառը ու ով առաջինը վերջացնում է, նա էլ տեղադրում է բոլոր էջերում։

Նույնն էլ տեղի ունեցավ այսօր, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռևս հավանաբար լավ չէր գիտակցում, թե ինչու են իր հետևից եկել, երբ ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից կայացրեցին իրենց դատավճիռները, զուգորդելով դրանք վիրավորանքներով։ Այդքանից հետո կարո՞ղ է շարքային քաղաքացին հավատալ իրավապահ համակարգին, դատական մարմիններին ու կարո՞ղ է արդյոք հարգել այն դատարանին ու դատավորներին, որոնց վճիռները երբեք ու ոչ մի սանտիմետրով չեն շեղվում ՔՊ-ական գրառումների տրամաբանությունից։

Կարո՞ղ են միջազգային ատյանները հավատալ Հայաստանում հաստատված «ժողովրդավարությանը», «մարդու իրավունքներին» ու «խոսքի ազատությանը»։ Իհարկե չեն կարող, սակայն ունակ են պատրանք ստեղծել, իբր հավատում են Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոսքին, որպեսզի հարկ եղած դեպքում այդ ամենն օգտագործեն Հայաստանի հանրապետության դեմ՝ հերթական զիջումը պարտադրելու նպատակով։

Կարեն Կարապետյան

Send