Վաղարշապատում քարոզարշավը դեռ չսկսած, լրատվամիջոցների տեսախցիկները հաստատագրել էին, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով, ի դեպ աշխատանքային ժամերին, բազմաբնակելի շենքերի պատերին փակցնում ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները։
ՔՊ-ն ստանձնել է քարոզարշավից առաջ ապահովել կուսակցական քարոզչությունը։ Համայնքապետարանի աշխատողներին քարոզարշավի մեջ օգտագործելով, «բարեգործական» հյուրասիրությունները չկապելով քարոզարշավի հետ, փոխարենը «բարեգործության» անվան տակ, օրը ցերեկով սեղան փռել Վաղարշապատի բնակիչների առաջ, կրկին «բարեգործության» անվան տակ երեխաներին բաժանել նվերներ, մի երեխայի նվերն էլ գումարի տեսքով 10.000 ԱՄՆ դոլարի չափով։
«Բարեգործական» միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Վաղարշապատի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ ՔՊ թեկնածու Մեխակյանը շնորհակալություն է հայտնել բարեգործին, որը Դողսի բնակիչ, Խոյ համայնքի ՔՊ֊ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանն էր։ Ի դեպ, ՔՊ֊ի ավագանու ցուցակի երկրորդ համարը Լյուդվիգ Յայլոյանն է։ Կադրերում երևում է նաև երգիչ Արտաշ Ասատրյանը։
Այս ամենը հաստատում է մի բան, որ ՔՊ֊ի քարոզարշավը սկսվել է օրենքի խախտմամբ։ Անգամ չեն փորձել գոնե ձեւական կողմը պահել ժամկետների, իսկ «օրինականություն», «ազատ», «թափանցիկ» ընտրություններ կազմակերպող իշխանությունն ու «արդարություն» հորջորջող իշխանության ՔՊ թեկնածուն ակնկալում է համայնքի բնակիչներից այն «ազնիվ» քվեն, որը իր ընտրվելու դեպքում ապագայում խոստանալու է լինել կարգապահ, սրտացավ, գործ անող համայնքապետ։
Հետաքրքիր է, չէ՞, իսկ ԿԸՀ-ը չի՞ նկատում, այն, ինչի մասին լրատվամիջոցները հայտնում են։
