MediaHub-ին են դիմել մի խումբ կլինիկական օրդինատորներ, որպեսզի մենք հրապարակենք իրենց դիմում-բողոքը, որն էլ անում ենք:
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
ՀՀ Առողջապահության նախարարությանը
Առողջապահության ազգային ինստիտուտին
Մենք՝ առաջին կուրսի կլինիկական օրդինատորներս, հանդես ենք գալիս դիմում-բողոքով՝ կապված այս տարի կազմակերպվող անհատական անցումային լիցենզավորման քննության անցկացման հետ։ Քննության կազմակերպումը իրականացվել է առանց պատշաճ իրազեկման և թափանցիկության, ինչի հետևանքով մենք բախվել ենք մի շարք խնդիրների։
Դրանք են՝
- Քննության կազմակերպման ժամկետները հստակ սահմանված չեն․ ուսանողները պատշաճ չեն տեղեկացվել։
- Պայմանագրի կնքման պահին քննության մասին որևէ հիշատակում չի եղել, չնայած ուսանողները արդեն վճարել են ուսման վարձի մի մասը։
- Տրամադրված հարցաշարի մեջ ներառված են թեմաներ ու հարցեր, որոնք չկան օրդինատուրայի կամ ավարտական ծրագրերում։
- Քննության ձևաչափը (OSCE և թեստային մաս) հստակ ներկայացված չէ ուսանողներին։
- Տրամադրված գրականությունը չափազանց մեծ ծավալ ունի, հիմնականում անգլերենով, և կոնկրետ թեմաները/էջերը նշված չեն։
- Դասընթացներ կամ նախապատրաստական փորձնական քննություններ կազմակերպվել են միայն սահմանափակ թվով ուսանողների համար։
- Արտասահմանյան գրականության ցանկը ամբողջությամբ հասանելի չէ (ոչ pdf, ոչ էլ թարգմանված)։
- Փորձնական քննության մասնակիցների ընտրությունն ու արդյունքները չեն արտացոլում ողջ ուսանողության պատկերը։
- Օրդինատորներին հակասական տեղեկություններ են փոխանցվել աշխատանքի և վարձատրման հնարավորությունների մասին քննությունից հետո։
- Նեղ մասնագիտական առարկաները անտեսվում են, քանի որ հարցաշարը գերազանցապես ընդհանուր բնույթի է։
- Ժամանակային սահմանափակումը՝ ընդամենը մի քանի օրում ծանոթանալու համար, խիստ անհամապատասխան է։
- Չկան հստակ պատասխաններ՝ անհատական լիցենզիան ինչ իրավասություններ է տալիս։
Պահանջում ենք՝
- Հստակ սահմանել քննության օրերը և ժամանակացույցը, առնվազն մեկ ամիս շուտ հրապարակելով։
- Մանրամասն ներկայացնել քննության կառուցվածքը և անցկացման ընթացքը։
- Տրամադրել հարցաշարի և գրականության ամբողջական ցանկը pdf տարբերակով, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ։
- Գրականության մեջ նշել կոնկրետ էջերը և թեմաները, որոնք կարող են հարցվել։
- Կազմակերպել նախապատրաստական դասընթացներ և փորձնական քննություններ՝ բոլոր ուսանողների համար։
- Տրամադրել առնվազն 30 օր ժամանակ՝ տրամադրված նյութերին ծանոթանալու համար։
- Պարզաբանել և պաշտոնապես ներկայացնել, թե անհատական լիցենզիան ի՞նչ իրավասություններ է տալիս։
- Հարգելով արդարության սկզբունքը, հարցաշարը կազմել այնպես, որ այն համապատասխանի ավարտական քննության բովանդակությանը։
- Տրամադրել բոլոր նյութերը օնլայն՝ հասանելի բոլոր ուսանողներին։
- Սահմանել իրավական հստակ հիմքեր՝ լիցենզավորման վերաբերյալ և ապահովել ուսանողների պատշաճ իրազեկում։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք արագ և արդյունավետ կերպով լուծել այս խնդիրները՝ ապահովելով մեր կրթական իրավունքների և արդարության սկզբունքների պահպանումը։
Հարգանքով,
Կլինիկական օրդինատորներ