Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը Զելենսկուն հայտնել է, որ արդեն օգոստոսի 22-ին ցանկանում է եռակողմ գագաթնաժողով անցկացնել

Blog Image
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և խոսակցության մյուս մասնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է արդեն օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, խաղաղության պայմանները, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարադրել է նախագահ Թրամփի հետ գագաթնաժողովում, ներառում էին Ուկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։ Թրամփը երկուշաբթի Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ըստ աղբյուրների, նա նաև գագաթնաժողովից հետո հեռախոսազրույցի ընթացքում եվրոպացի առաջնորդներին հայտնել է, որ ցանկանում է եռակողմ գագաթնաժողով կազմակերպել Պուտինի և Զելենսկու հետ արդեն հաջորդ ուրբաթ օրը։ Սակայն, ելնելով Պուտինի պայմաններից, լուրջ առաջընթացը քիչ հավանական է թվում։ Թրամփը նաև եվրոպացի առաջնորդներին հրավիրել է միանալու Սպիտակ տանը երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը, հայտնել են աղբյուրները։ Թրամփը և նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեկ երեկոյան Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին Զելենսկուն և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ղեկավարներին տեղեկացրել են Պուտինի դիրքորոշման մասին։ Ըստ նրանց, Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան զիջի չորս մարզերից երկուսը, որոնց հավակնում է Ռուսաստանը (Դոնեցկի և Լուգանսկի), և սառեցնի ճակատային գծերը մյուս երկուսում (Խերսոնի և Զապորոժիեի)։ Ռուսաստանը վերահսկում է գրեթե ամբողջ Լուգանսկը, բայց Դոնեցկի միայն մոտ երեք քառորդը։ Ըստ հեռախոսազրույցի մասին տեղեկացված աղբյուրներից մեկի, Պուտինը հայտարարել է Խերսոնում և Զապորոժիեում հարձակումը դադարեցնելու իր պատրաստակամության մասին՝ որպես զիջում՝ Դոնեցկից Ուկրաինայի դուրս գալու դիմաց։ Իրականում Ռուսաստանն արդեն որոշ ժամանակ է, ինչ որևէ առաջընթաց չի գրանցում այս մարզերում։ Ուկրաինական աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան կողմի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Սումիի և Խարկովի մարզերի փոքր տարածքների շուրջ։ Այս առաջարկը նախատեսում է զգալիորեն ավելի մեծ տարածքի փոխանցում Ուկրաինայի վերահսկողությունից Ռուսաստանի վերահսկողությանը, քան հակառակը, ինչը, Մոսկվայի կարծիքով, խելամիտ է, քանի որ Ռուսաստանը ռազմական առումով առավելություն ունի, բայց ինչը Ուկրաինան գրեթե անկասկած կմերժի։ Ըստ աղբյուրի, Պուտինը նաև պահանջել է, որ ԱՄՆ-ն ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունն Ուկրաինայի այն մասերում, որոնք կստանա խաղաղության համաձայնագրի համաձայն։ Թրամփը հանդիպումը հաջողված է անվանել և ասել, որ ինքն ու Պուտինը համաձայնության են եկել շատ հարցերի շուրջ, թեև Պուտինը, կարծես, հավատարիմ է մնում իր մաքսիմալիստական պահանջներից շատերին։ Ընդ որում, պարբերականն ընդգծում է, որ Պուտինն իսկապես ասել է, որ պատրաստ է քնարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հայտնել է աղբյուրը։ Սակայն նա Չինաստանը նշել է որպես հնարավոր երաշխավորներից մեկը՝ հավանաբար ենթադրելով, որ դեմ է հանդես գալու ՆԱՏՕ-ի զինծառայողներից բաղկացած անվտանգության ուժերին։
Send