«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ խաղարկության 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 1:1: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը, սակայն առաջին խաղակեսի վերջում «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան հավասարեցրեց հաշիվն Էդուարդ Սպերցյանի փոխանցման շնորհիվ: 57-րդ րոպեին Կորդոբան ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ թողնելով իր թիմին 10 ֆուտբոլիստով։
Նշենք, որ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվեց երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին։
Կորդոբայի հեռացումից հետո խաղադաշտում վիճաբանություն ծագեց, ինչի հետևանքով երկու թիմերի գլխավոր մարզիչները՝ Մուրադ Մուսաևը («Կրասնոդար») և Ֆաբիո Չելեստինին (ԲԿՄԱ), ինչպես նաև Կիսլյակն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Դուգլաս Աուգուստոն ստացան դեղին քարտեր:
«Կրասնոդարը» հավաքել է 16 միավոր և գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ն 15 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Հաջորդ տուրում ԲԿՄԱ-ն սեպտեմբերի 14-ին կմրցի «Ռոստովի» հետ, իսկ «Կրասնոդարը» մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, կխաղա «Ակրոնի» դեմ: